«Քույր դպրոցներ» ծրագիր. Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում
նոյեմբեր 02, 2026
«Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցում: Նրանք ծանոթացել են գործընկեր կրթօջախի գործունեությանը և երաժշտական կրթության կազմակերպման պայմաններին։
Այցի կարևորագույն իրադարձությունը Գորիսի դրամատիկական թատրոնում կայացած համերգն էր, որը միավորել էր Երևանի Սայաթ-Նովայի և Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցների սաներին։
Համերգային ծրագրում ներկայացվել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով պատանի երաժիշտներին դրսևորելու իրենց կատարողական կարողությունները, բեմական փորձ ձեռք բերելու և հանդես գալու նոր հանդիսատեսի առջև։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ:
Ծրագրի առանձնահատուկ արժեքն այն է, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն համերգային ելույթներով․ այն նպաստում է կրթական հաստատությունների միջև շարունակական երկխոսությանը, մանկավարժական փորձի փոխանակմանը, սովորողների ստեղծագործական զարգացմանը, միասնական մշակութային կրթական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև հայրենաճանաչությանը։ Երևանից ժամանած պատվիրակությունը 2-օրյա այցելության ընթացքում նաև ծանոթացել է Գորիսի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, այցելել Ակսել Բակունցի տուն-թանգարան: