Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված ֆիլմի ստեղծման համար կհատկացվի լրացուցիչ 30 մլն դրամ

նոյեմբեր 05, 2026

Հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքների շարունակության ապահովման նպատակով Կառավարությունը լրացուցիչ 30 մլն դրամ կհատկացնի: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Ֆիլմի ռեժիսորը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն է:

Ֆիլմի ստեղծման համար նախկինում արդեն հատկացվել է շուրջ 26 մլն դրամ, որի շրջանակում իրականացվել են նախապատրաստական աշխատանքները և նկարահանումների մի մասը։ Մասնավորապես, նկարահանումներ են իրականացվել Հայաստանում և Վրաստանում՝ ներառելով նաև պոետի ծննդավայրն ու նրա կյանքի կարևոր իրադարձությունների հետ կապված վայրերը։

Կառավարության որոշմամբ հատկացվող լրացուցիչ 30 մլն դրամը հնարավորություն կտա շարունակել նկարահանումները Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Օրենբուրգում՝ ապահովելով ֆիլմի սցենարական մտահղացման ամբողջական իրականացումը։ Ֆինանսական միջոցները վերաբաշխվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

Ֆիլմի հետարտադրական աշխատանքներն ու վերջնական հանձնումը նախատեսված են 2027 թվականին։

Ֆիլմի ստեղծման նպատակն է նորովի ներկայացնել Վահան Տերյանի կյանքը, ստեղծագործական ժառանգությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և գեղարվեստական ու վավերագրական կինոյի արտահայտչամիջոցներ՝ անդրադառնալով պոետի կյանքի տարբեր ժամանակաշրջաններին, նշանակալի իրադարձություններին, ինչպես նաև հայ գրականության և պատմության քիչ ուսումնասիրված էջերին։

Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել տարբեր քաղաքներում՝ Վահան Տերյանի կյանքի և գործունեության աշխարհագրական հետագծով՝ նպաստելով բանաստեղծի ստեղծագործության, նրա ապրած ժամանակաշրջանի և պատմական իրադարձությունների վերաբերյալ հանրային ճանաչողության բարձրացմանը։