Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ ԱԺ-ում քննարկվում է 2027 թ․ բյուջեն

նոյեմբեր 05, 2026

Բուհական համակարգի բարեփոխումները լինելու են Կառավարության ծրագրի տվյալ փուլի ամենակարևոր անելիքներից մեկը։ Արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել մի քանի նախագիծ, այդ թվում՝ կրթաթոշակային համակարգի նախագիծը, որն արտացոլում է այդ ուղղությամբ պետության ուղերձները։

«Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում 2027 թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով նախարարության  ոլորտային հայտը։

Նախարարը հավելել է, որ ներկայացվել է նաև բարձրագույն կրթության համակարգի կազմակերպման կարգը, որն ամփոփում է ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպման և բուհերի ամենօրյա աշխատանքի կարևոր հանգամանքները։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ բուհական բարեփոխումները մտնում են վճռորոշ փուլ, և առաջիկայում այդ ուղղությամբ կլինեն էական ու տեսանելի տեղաշարժեր։ Նա նաև հիշեցրեց, որ պայմանագրեր են կնքվել միջազգային հեղինակավոր բուհերի, ինչպես նաև QS վարկանիշավորման համակարգի հետ, որն ուղղված է բուհերի վարկանիշային առաջխաղացմանը։  

Ակադեմիական քաղաքի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի՝ ուսանողական կացարաններից

Նախարարի նշմամբ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ամենակարևոր  անելիքներից է։ Հաջորդ տարի նախատեսվում է մեկնարկել շինարարական աշխատանքները՝ սկսելով ուսանողական կացարաններից, որոնք առաջին փուլում նախատեսված են 3600 ուսանողի համար։

«Սա հնարավորություն կտա մինչև ակադեմիական քաղաքի ամբողջական ենթակառուցվածքների հասանելի դառնալը կացարանները տրամադրել մեր այսօրվա ուսանողներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կացարանների հարցը բազմաթիվ ուսանողների համար սոցիալական լուրջ խնդիր է։

Բացի այդ՝ ընթացքի մեջ են ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ ոռոգման համակարգի, էլեկտրական ցանցի և մյուս ուղղություններով աշխատանքները, և որոշ ուղղություններով արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։

Գիտության ոլորտում մեկնարկած ծրագրերը կշարունակվեն

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարարը նշվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում գործադիրն ընդունել է լրացուցիչ ֆինանսավորմանն ուղղված երեք որոշում, որոնցից վերջինը վերաբերում է պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։

«Սա վկայում է այն մասին, որ տարեսկզբին հաստատված գիտության ոլորտի ռազմավարությունն իրականացվում է նախատեսված տրամաբանությամբ։ Նոր ծրագրերն ուղղված են լինելու գիտելիքի առևտրայնացմանը, մասնավոր հատվածի ներգրավմանը և գերակա ուղղություններով գիտական կարողությունների զարգացմանը։ Ոլորտում արդեն իսկ արձանագրվել են լուրջ արդյունքներ ինչպես երիտասարդների ներգրավման, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ արդեն մեկնարկած ծրագրերի շարունակականությունն ապահովվելու է։

Մշակվում է հայերենի իմացության ստուգման և գնահատման  նոր համակարգ՝ հայկական  TOEFL

Կառավարությունը շարունակում է ակտիվորեն աշխատել լեզվական քաղաքականության ուղղությամբ, ինչն արտացոլված է նաև պետական բյուջեում։ Մասնավորապես՝ ընթացքի մեջ են հայերենի իմացության ստուգման և գնահատման ունիվերսալ համակարգի /հայկական TOEFL/ մշակման աշխատանքները, որն օգտագործվելու է նաև ընդունելության գործընթացում։ Նախատեսվում է 2027 թվականից փուլային տարբերակով իրականացնել համակարգի փորձարկումն ու ներդրումը, ինչը կօգնի սահմանել պետական չափորոշիչները։ Այս ինստիտուցիոնալ մեխանիզմները կկարգավորեն քաղաքացիության և ռեզիդենտության հետ կապված գործընթացներն ինչպես սփյուռքի հայրենակիցների, այնպես էլ Հայաստանի քաղաքացիություն հայցող այլ անձանց համար։

«Մեր աշխատանքների կարևոր ուղղություններից է հայերենի թվային կենսունակության բարելավումը։ Տեխնոլոգիական զարգացման ներկա պայմաններում սա հայերենի կենսունակության ապահովման կարևորագույն նախապայմաններից է»,- ասել է նախարարը։

Նա նաև  հավելել է, որ դեռևս 2025 թվականից Երևանի պետական համալսարանում ֆինանսավորվում են հայերենի լեզվական տեխնոլոգիաների հետազոտությունները և արդեն իսկ նկատելիորեն բարելավվել է արհեստական բանականության համակարգերում հայերենի իմացությունը։ Թվային շտեմարաններում լեզվական կառուցվածքների որակյալ ներկայացումը նվազեցնում է թարգմանություններից ունեցած կախվածությունը և ստեղծում որոշակի ինքնաբավության հիմքեր։