Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են  Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր

նոյեմբեր 06, 2026

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր: Շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Պաշտոնյաները շրջել են ուսումնական հաստատությունում, որը վերակառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում և վերաբացվել է այս ուսումնական տարում 500 և ավելի աշակերտի համար:

Աթենա Միխայիլիդուին ներկայացվել են ուսումնական հաստատությունում իրականացվող մասնագիտական հանրակրթական ծրագրերը,  ուսումնական նոր գույքով հագեցված դասասենյակները, որոնք ապահովված են ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև արվեստանոցների համար նախատեսված անհրաժեշտ կահավորմամբ: Նախարարները ծանոթացել են միջոցառումների սրահի, մարզադահլիճի պայմաններին և մյուս ենթակառուցվածքներին։

Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն դիտել են նաև աշակերտների հեղինակած գեղանկարները, որոնք ցուցադրված են հաստատության ցուցասրահում: Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտներից Նարեն և Անգելինան նախարարներին են նվիրել իրենց հեղինակած նկարները՝ նախապես ներկայացնելով դրանցում արտացոլված խորհրդանիշները:

Շրջայցի ընթացքում պաշտոնյաները զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական նախընտրությամբ և հաջողություն մաղթել ուսումնական գործընթացում: