Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին
նոյեմբեր 09, 2026
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը: Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է նախորդ տարի Իրանի Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի ունեցած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ որպես բացառիկ մշակութային իրադարձություն՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ևս կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը՝ պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը:
Կողմերն առանձնակի կարևորել են երկու ժողովուրդների ժամանակակից արվեստի ճանաչումն ու հանրահռչակումը՝ փոխադարձ միջոցառումների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Մասնավորապես՝ նախանշվել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի սպասվող համերգը Հայաստանում, կարևորվել է օրերս Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ լույս ընծայված Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործության հանրահռչակումը հայ ընթերցողների շրջանում:
Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրներում անցկացվող գրքի փառատոներին փոխադարձ մասնակցությունը, ժամանակակից գրականության թարգմանությունները, շնորհանդեսների կազմակերպումը: Արվեստի ոլորտում առանձնակի շեշտադրվել է ֆիլմարտադրությանը և կինոփառատոների անցկացմանն ուղղված ծրագրերի խթանումը՝ արդեն իսկ ունեցած հաջող փորձառության հիման վրա:
Քննարկվել է նաև երիտասարդության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը` մասնավորապես ընդգծելով երիտասարդական ճամբարների ձևավորման հեռանկարները: Պաշտոնյաները երիտասարդների ներգրավումը դիտարկել են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման խթանմանը: Այս համատեքստում կարևորվել են պարսկերեն ուսումնական նյութերի մշակումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: