Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Գիտություն

«Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով»․ Գիտության համաշխարհային օրվան նվիրված նիստ ԳԱԱ-ում

նոյեմբեր 10, 2026

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը: Օրվա առիթով Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, բուհերի և գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։ Միջոցառման ընթացքում մի խումբ գիտնականներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով՝ գիտական և կրթական ոլորտներում ունեցած երկարամյա անբասիր աշխատանքի, ինչպես նաև արդյունավետ գիտական գործունեության համար: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Շնորհավորելով Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ նոյեմբերի 10-ը նաև ԳԱԱ հիմնադրման օրն է, և 1943 թվականին ստղծվելուց ի վեր՝ ակադեմիան կարևոր պատմական առաքելություն է ունեցել գիտության ոլորտի  զարգացման գործընթացում։ 

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շեշտադրել է գիտության ոլորտում իրականացվող որակական փոփոխությունները, մասնավորապես՝ ծրագրերի ղեկավարման համար սահմանված պահանջների արդյունավետության ուղղությամբ իրականացված քայլերը։

Նախարարը նշել է, որ 12 տարվա ընդմիջումից հետո ԳԱԱ ասոցացված անդամների ընտրություններ են անցկացվել, և ակադեմիան համալրվել է գիտության և հետազոտությունների ասպարեզում ձեռքբերումներ ունեցող 31 նոր  անդամով։ Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է գիտության ոլորտի փոփոխությունների պատշաճ հանրայնացումն ու իրազեկվածության բարձրացումը: 

Նախարարն ընդգծել է նաև Վարչապետին կից գիտատեխնոլոգիական զարգացման խորհրդի ձևավորումը՝ նշելով, որ այս մարմինը ներառում է ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների։

«Խորհուրդն առանձնահատուկ կարևոր է մասնավոր-պետություն գործընկերության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման խթանմանն աջակցելու առումով, քանի որ ամենակարևոր հարցերը քննարկվում  և առաջ են մղվում խորհրդատվական բարձր մակարդակում: Խորհրդի գործունեության շրջանակում պետություն-մասնավոր գործընկերությամբ նաև ձևավորվեց Նորարարությունների հայկական հիմնադրամը, որը, ֆինանսավորվելով պետության և մասնավորի կողմից, նաև մեր հետագա քննարկմանը և  հաստատմանը պետք է ներկայացնի գիտական արդյունքի տեսանկյունից առավել արժեքավոր և կարևոր ծրագրեր։ Այս գործիքակազմի կիրառմամբ արդեն ունենք առաջին հաստատված ծրագրերը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնցով գիտնականները զբաղվում են լաբորատորիաներում, ուղիղ կապի մեջ պետք է լինեն պետության, տնտեսության և հասարակության զարգացման համար առաջնային նշանակություն ունեցող հարցերի հետ։

Ելույթում նախարարը հատուկ շեշտադրել է նաև դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացման, ուսուցիչների կարողությունների զարգացման, ուսուցիչների՝ գիտական նախագծեր ղեկավարելու և երեխաներին այդպիսով դեպի գիտություն առաջնորդելու հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ ու քննարկումներ են իրականացվում: Նա կարևոր է համարել նաև հանրային հաշվետվողականությունը՝ դրանում ընդգծելով ակադեմիայի դերը:

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ընդգծել է, որ  Հայաստանում վերջին տարիներին պետության կողմից գիտության ֆինանսավորման ծավալի գրեթե եռապատկման շնորհիվ մեծացել է գիտության ոլորտի և գիտնականների հանդեպ վստահությունը։

«Միևնույն ժամանակ, հասարակությունը և պետությունը պետք է շոշափելի արդյունք ստանան գիտությունից՝ լինի դա պաշտպանական տեխնոլոգիան, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նոր լուծում, թե առողջապահական նոր մեթոդ»,- նշել է Աշոտ Սաղյանը՝ հավելելով, որ հայաստանյան  բուհերը և հետազոտական ինստիտուտները պետք է դառնան առաջատար տեխնոլոգիաներ և ստարտափներ գեներացնող կենտրոններ։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում» զեկուցմամբ։ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը ներկայացրել է «Արհեստական բանականությունը հանուն խաղաղության․ գիտական դիվանագիտությունը թվային դարաշրջանում» զեկույցը, իսկ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը՝ «Գենոմային տեխնոլոգիաները թվային դարում» զեկույցը։

Պաշտոնական հանդիսավոր արարողության ընթացքում ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամներին շնորհվել են դիպլոմներ։