Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

նոյեմբեր 10, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադիի հետ: Նա Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում։

Ողջունելով գործընկերոջը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստան-Իրան մշակութային դարավոր կապերը և կարևորել տարբեր ոլորտներում դրանք խորացնելու հնարավորությունները:

Նա ընդգծել է արդեն իսկ գոյություն ունեցող հաջող համագործակցությունը՝ կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում  համատեղ ծրագրերի իրականացումը:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով համագործակցության նոր ծրագրերի իրականացման ներուժը: Նա, մասնավորապես, նախանշել է Իրանում հայկական մշակութային շաբաթներ անցկացնելու հեռանկարները՝ հայկական գրականությունը, կինոն և երաժշտությունը Իրանի հանրությանը ճանաչելի դարձնելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի գրքի միջազգային փառատոներում փոխադարձ ներկայությանը, որը հատկապես կարևոր է հայ և իրանցի երիտասարդ գրողներին հանրահռչակելու տեսանկյունից: Այս համատեքստում քննարկվել է նաև մերօրյա հեղինակների գրականության թարգմանության հնարավորությունը։ Իրանցի գործընկերները տեղեկացրել են, որ օրերս Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: