Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ

նոյեմբեր 10, 2026

Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում ազդարարվել է ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանման ծրագրի մեկնարկը՝ նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ։ Ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ կիրականացվեն թանգարանի շենքի վերանորոգման և երկու ցուցասրահային հարկերի վերականգնման աշխատանքները, կբարելավվեն Խորեն Տեր-Հարությանի արվեստի գործերի պահպանության ու ցուցադրման պայմանները։ 

Խորեն Տեր-Հարությանը 1983 թ. իր ստեղծագործությունները՝ շուրջ 90 քանդակ և 100-ից ավելի գծանկար ու գեղանկար, տեղափոխել է Հայաստան և նվիրել Ազգային պատկերասրահին: 1994 թ. Էջմիածնի մասնաճյուղում բացվել է նրա ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիֆին Ռոզելը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ծրագիրն իրականացնելու համար՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը կարևոր ներդրում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործում և միաժամանակ վկայում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև մշակույթի ոլորտում ձևավորված արդյունավետ համագործակցության ու գործընկերության մասին։

«Խորեն Տեր-Հարությանի կյանքն ու ստեղծագործական ուղին Հայաստանի և Սփյուռքի միջև անխզելի մշակութային կապի վառ արտահայտություններից են։ Իր ստեղծագործություններում արվեստագետը կարողացել է համադրել հայ ժողովրդի պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը համամարդկային արժեքների հետ՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսություն հայկական և համաշխարհային արվեստի միջև»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել թանգարանի սրահում, որտեղ ցուցադրված են Խորեն Տեր-Հարության հեղինակած քանդակները, գծանկար ու գեղանկար աշխատանքները: