«Սևանավանք»․ «Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին արծաթե հուշադրամը
նոյեմբեր 13, 2026
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի «Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
«Պատմական դռներ» հուշադրամների հավաքածուի ստեղծման գործընթացը մեկնարկել է 2024 թվականին: Աշխատանքներին միացել են ԿԳՄՍ նախարարությունը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ ապահովելով Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ առաջարկների հավաքագրումն ու ներկայացումը։
«Կենտրոնական բանկի հետ իրականացվող այս նախաձեռնության շնորհիվ մշակութային ժառանգության հանրահռչակումը ստանում է համապետական նշանակություն՝ դուրս գալով զուտ թանգարանային ու գիտական շրջանակներից և դառնալով ազգային ինքնությունը միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելու միջոց: Համատեղ ջանքերի շնորհիվ այսօր ականատեսն ու մասնակիցն ենք լայնածավալ ծրագրի առաջին նմուշի շնորհանդեսին»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության թանգարանում պահպանվում է պատմական դռների արժեքավոր հավաքածու, որը նախկինում բաղկացած էր վեց նմուշից։ 2026 թվականին Լոնդոնից ձեռք են բերվել և Հայաստան տեղափոխվել յոթերորդ դուռն ու դռան փեղկը․ առաջիկայում նախատեսվում է հավաքածուի մյուս նմուշները ևս պատկերել հուշադրամների և հուշանվերների վրա։
«Այս հուշադրամները յուրօրինակ շրջանառություն են ապահովում՝ մարդուց մարդ փոխանցվելով, ինչը մեր մշակութային ժառանգության առաջխաղացման և ներկայացման նոր ձևաչափ է»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանի նշմամբ՝ Կենտրոնական բանկի «Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին թողարկումը Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու՝ 1486 թվականին պատրաստված փորագրազարդ փայտե դուռն է։ Նրա ընդգծմամբ՝ հայկական միջնադարյան կիրառական արվեստի այս բացառիկ նմուշի հավերժացումը կարևոր առիթ է՝ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն արժևորելու, վերաիմաստավորելու և հանրահռչակելու համար:
«Նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն պատմական հիշողության պահպանմանը, այլև հայկական մշակույթի ներկայացմանը միջազգային դրամագիտական շրջանակներում։ Պատմական դռան և գեղանկարչական կտավի հանդիպմանը միավորեցինք նաև հուշադրամը՝ մեկ հարթակում համադրելով պատմությունը, գեղանկարչությունն ու դրամագիտական արվեստը»,- նշել է Արմեն Քթոյանը և «Սևանավանք» հուշադրամ նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին և Հայաստանի պատմության թանգարանին։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ օրվա իրադարձությունը մեկ հարկի տակ է միավորել երեք կարևոր կառույցների՝ ՀՀ կենտրոնական բանկին, Հայաստանի պատմության թանգարանին, Հայաստանի ազգային պատկերասրահին։ Նրա ընդգծմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը նախագծի գաղափարի հեղինակն ու իրականացնողն է, իսկ Հայաստանի պատմության թանգարանը՝ այն հաստատությունը, որտեղ պահվում է արժեքավոր ցուցանմուշը։ Անդրադառնալով Հայաստանի ազգային պատկերասրահի դերին՝ Մարինա Հակոբյանը շեշտել է բացառիկ համընկնումը. պատմական բնօրինակ դռան կողքին ցուցադրվում է Վարդգես Սուրենյանցի համաշխարհային նշանակության գլուխգործոցը՝ «Լքյալը» կտավը, որտեղ ամենայն մանրամասնությամբ պատկերված է հենց այդ դուռը։
«Պատմական դռներ» նախագծի գաղափարի հիմքում հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումն է, արժևորումը, ճանաչումն ու նորովի ներկայացումը»,- նշել է ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը և շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու մյուս պետական կառույցներին։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ հիշեցնելով, որ ԿԲ-ն պարբերաբար արժեքավոր հուշադրամների հավաքածուներ է նվիրել թանգարանին։ Նա հույս է հայտնել, որ այս բարի ավանդույթը շարունակական կլինի՝ հարստացնելով թանգարանի ֆոնդերը։
«Կենտրոնական բանկի տրամադրած ցուցանմուշներից մեկը՝ Երևանին նվիրված հուշադրամը, ներկայում ցուցադրվում է Բեռլինի թանգարանային կղզու հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսում, իսկ «Պատմական դռներ» հուշադրամների հավաքածուի ստեղծումը սերտ համագործակցության փայլուն օրինակ է»,– ամփոփել է Դավիթ Պողոսյանը:
«Սևանավանքի» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.): Հուշադրամը հատվել է Գերմանիայում՝ «B.H. Mayer Mint» դրամահատարանում, մետաղը՝ արծաթ (հարգը 999,9 քաշը 62,2 գ., տրամագիծը 50,0 մմ):