Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՄիջազգայինՄշակույթ

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

նոյեմբեր 14, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր միջոցառման շրջանակում պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի  շրջանակում նախարարը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Բորիսովնա Լյուբիմովային։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել  հանդիպման և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանն աջակցելու համար։

Նա վստահություն է հայտնել, որ Մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները հետաքրքիր և հեռանկարային կլինեն՝ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ կարևորելով առկա ներուժի լիարժեք օգտագործումը և նոր նախաձեռնությունների իրականացումը։

Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2027–2029 թվականների մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի» ստորագրման արարողությունը։

Կողմերը վերահաստատել են՝ ծրագիրը կնպաստի մշակութային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համատեղ նախաձեռնությունների համակարգված իրականացմանը և երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ընդլայնմանը։ 

Նախարարներն առանձնակի կարևորել են մշակութային հաստատությունների միջև անմիջական համագործակցության ակտիվացումը՝ համատեղ նախագծերի և փոխադարձ այցելությունների միջոցով։

Մասնավորապես՝ առաջարկվել է կազմակերպել պատմական, հնագիտական և գեղարվեստական նմուշների համատեղ ցուցահանդեսներ՝ ներկայացնելով Հայաստանի և Ռուսաստանի մշակույթն ու արվեստը։

Կողմերն անդրադարձել են 2027 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։

Ժաննա Անդրեասյանը հրավիրել է ՌԴ մշակույթի նախարարին՝ այցելելու Երևան և մասնակցելու թատրոնի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ ընդգծելով, որ նախարարի մասնակցությունը հատուկ նշանակություն կհաղորդի հոբելյանական միջոցառումներին և կնպաստի երկու երկրների մշակութային կապերի հետագա ամրապնդմանը։

Նշենք, որ Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում անցկացվում են 2026 թվականի նոյեմբերի 9–16-ը։