Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը
նոյեմբեր 14, 2026
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան-Հայաստան գիտակրթական երկրորդ համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ միջոցառումը ներառվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։
Կողմերն անդրադարձել են Ռուս-հայկական համալսարանի դերին՝ որպես միջպետական կարևոր կրթական և գիտական հաստատության։
Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ռուս֊հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։ Նշվել է, որ բուհի կանոնադրությունը ստորագրվել էր 2026 թվականի մարտին՝ նախարարների տեղակալների կողմից։
Որպես համագործակցության ուղղություններ՝ պաշտոնյաները քննարկել են ռուսական և հայկական գիտական կազմակերպությունների ու համալսարանների մասնակցությունը ՌՀՀ բազայի վրա իրականացվող համատեղ հետազոտական և կրթական նախագծերին։
Անդրադարձ է եղել նաև Ռուս-հայկական համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքում ինտեգրելու հնարավորությանը։
Նշվել է, որ 2027 թվականին լրսնում է Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման 30-ամյակը, որի շրջանակում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ՝ երկու երկրների ղեկավարության, կրթական և գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ երկկողմ հանդիպումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռուսաստան-Հայաստան կրթական երկրորդ համաժողովին, որտեղ հանդես եկել ելույթի խոսքով։
Ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ փոփոխությունների և աշխատաշուկայի վերափոխման պայմաններում կրթական համակարգերի առջև ծառացած խնդիրները շատ առումներով ընդհանուր են՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այս ուղղությամբ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները։
«Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացումը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման և մարդկային ներուժի ամրապնդման կարևորագույն նախապայման։ Առաջնահերթությունների շարքում են կրթության որակի և հասանելիության բարձրացումը, կրթական մոտեցումների արդիականացումը, հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, գիտական կադրերի աջակցությունը, ինչպես նաև գիտության կապի ամրապնդումը նորարարությունների և տնտեսության հետ»,- նշել է նախարարը՝ որպես կարևոր բարեփոխումներ հիշատակելով վերջին երկու տարիներին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքները, որոնք ձևավորում են զարգացման նոր հիմքեր։
Նախարարը շեշտել է, որ առանձանակի կարևորվում են միջազգային գիտակրթական գործընկերության զարգացումը, փորձի փոխանակումը, համատեղ հետազոտությունները և մասնագիտական կապերի ընդլայնումը, համատեղ հետազոտական նախագծերը, երիտասարդ գիտնականների աջակցությունը։
«Հայաստանի համար կարևոր է, որ կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցությունը նպաստի մարդկային կապիտալի զարգացմանը, հետազոտական ներուժի ամրապնդմանը և երիտասարդ սերնդի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Մենք շահագրգռված ենք ռուսաստանցի գործընկերների հետ մասնագիտական կապերի հետագա ընդլայնմամբ, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացմամբ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով թվային տնտեսության համար կադրերի պատրաստման և արհեստական բանականության զարգացման ուղությամբ համագործակցությունը։
Նա նաև շեշտել է, որ կրթության հումանիտար առաքելության մասին՝ նշելով, որ առանձնահատուկ նշանակություն ունի լեզվի և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ որպես երկկողմ փոխըմբռնման ամուր հիմք։