Մեդիագրագիտության շաբաթը մեկնարկել է ցուցահանդեսով և մրցանակաբաշխությամբ
նոյեմբեր 16, 2026
Հայաստանում մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը. այն կշարունակվի մինչև նոյեմբերի 21-ը։ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն իններորդ անգամ անցկացնում է միջոցառումը, որն այս տարի կրում է «Դիմակայելու արվեստը» խորագիրը։
Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական մեկնարկը տրվել է «Ազատ խոսքի արվեստը» թեմատիկ ցուցահանդեսի բացմամբ և մրցանակաբաշխությամբ։ Աշակերտները մեդիագրագիտության տարբեր թեմաներին անդրադարձել են ստեղծագործական բազմազան ձևաչափերով։
Մրցույթի լավագույն աշխատանքներն էին՝
«Լավագույն իլյուստրացիա»․ «Խոսքի կշիռը»՝ Հասմիկ Դեմիրճյան, 16 տարեկան, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց
«Գեղարվեստական աշխատանք»․ «Ճշմարտության որոնում»՝ Սուսաննա Ղարաքեշիշյան, 17 տարեկան, ՀՀ Լոռու մարզի «Դարպասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Լավագույն կոլաժ»․ «Յան»՝ Կարինե Փարսադանյան, 17 տարեկան, Աճանանի միջնակարգ դպրոց
«Լավագույն տեսանյութ»․ «Տարբեր ձայներ, մեկ աշխարհ»՝ հեղինակային խումբ՝ Դիաննա Բաղդասարյան, Կարինե Ստեփանյան, Զոյա Ավետիսյան, Արաքսյա Ավետիսյան, Մանե Կակոսյան, Զավեն Մկրտչյան, Լեռնավանի Հովհաննես Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց
«Լավագույն ձեռագիր կամ թվային պաստառ»․ «Խոսքը որպես ազատության թև»՝ Նարե Մանուչարյան, 15 տարեկան, ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշենի միջնակարգ դպրոց
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի ընդգծմամբ՝ նման նախաձեռնությունները կարևոր են տեղեկատվական ժամանակակից միջավայրում մեդիագրագետ հասարակության ձևավորելու գործում։ Նրա խոսքով՝ տեղեկատվական հոսքերի բազմազանության և թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում մեդիագրագիտությունն այլևս պարզապես հմտություն չէ, այլ անհրաժեշտություն, որը հնարավորություն է տալիս քննադատաբար գնահատել տեղեկատվությունը, կողմնորոշվել թվային միջավայրում և կայացնել գիտակցված որոշումներ։
Միջոցառման շրջանակում Իտալիայից և Խորվաթիայից հրավիրված փորձագետները հանդես են եկել «ԱԲ գրագիտություն» և «Մեդիան, արվեստը և կրթությունը․ պատրաստելով երեխաներին իրական աշխարհին» թեմատիկ բանախոսություններով։
Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները և դրանց վերաբերյալ տեղեկատվական նյութերը կտարածվեն #ՄեդիագրագիտությանՇաբաթ2026 հեշթեգով։
Շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև ուսուցչական ֆորում, պանելային քննարկումներ տեղացի և միջազգային փորձագետների մասնակցությամբ, լրագրողական խմբերի այցեր մարզային համայնքներ, երիտասարդական ինտերակտիվ միջոցառումներ, քննարկումներ, աշխատարաններ և դասընթացներ։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որն անցկացվում է ամեն տարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։