«Էրազմուս+» ծրագրի մասնակիցներն արժևորել են կրեդիտային շարժունության իրենց փորձը
նոյեմբեր 17, 2026
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության շրջանավարտների հանդիպումը: Այն կազմակերպվել է «Էրազմուս» ուսանողական ցանցի (ESN) երևանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի «Էրազմուս» ուսանողական ցանցի տնօրեն Հովհաննես Յուքինյանը, ԵՄ-ի «Էրազմուս+» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր արժևորել «Էրազմուս+» ծրագրի մասնակիցների փորձը, խթանել շրջանավարտների միջև համագործակցությունը և ընդգծել նրանց դերը՝ ապագա մասնակիցներին աջակցելու և միջազգային կրթական հնարավորությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում։
Հանդիպումը միավորել էր ծրագրի շրջանավարտներին, ուսանողներին, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու միջազգային շարժունության ազդեցությունը կրթության միջազգայնացման, մասնագիտական զարգացման, զբաղվածության և սոցիալական ներառման վրա։
Մինչ հանդիպման մեկնարկը ուսանողները կազմակերպել են դրոշներով երթ: Պաշտոնյաների ողջույնի խոսքերին հաջորդել են պանելային քննարկումները «Կրթության միջազգայնացումն ու ծրագրի դերը», «Ուսանողների զբաղվածությունը, աշխատունակությունն ու մրցունակությունը «Էրազմուս+» և այլ միջազգային ծրագրերից հետո», «Սոցիալական ներառում, ինտեգրում, ծրագրից հետո ներգրավվածություն և հասակակիցների աջակցություն» թեմաներով: