Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը

նոյեմբեր 17, 2026

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Չինաստանում անցկացվող Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթն ամփոփվել է Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան)։

Մշակութային ծրագրերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացած եզրափակիչ փուլից հետո հայտնի են դարձել մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։

Մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողությունները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման և դասական երաժշտության միջոցով մշակութային երկխոսությունը զարգացնելու նպատակով։ Մրցույթի առանցքում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։

Մրցույթն այս տարի առանձնացել է աշխարհագրական լայն ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդել են տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվել է հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։

Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։

Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջազգային բեմում նվագախմբի հետ ելույթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար արժեքավոր մասնագիտական փորձառություն էր, որը հնարավորություն է ընձեռում՝ դրսևորելու իրենց կատարողական վարպետությունն ու բացահայտելու ստեղծագործական ներուժը։

Մրցույթի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական տաղանդներին, խթանել միջազգային ստեղծագործական համագործակցությունը և արժևորել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը, որի երաժշտությունը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր սերունդների երաժիշտներին ու ունկնդիրներին։

Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։

Մրցույթին զուգահեռ անցկացվել է նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։

Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։