Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար
նոյեմբեր 17, 2026
«Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլում 2027 թվականից կսկսվեն 3600 ուսանողի համար նախատեսված ժամանակակից կացարանների նախագծման, կառուցման և բնակելի այլ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։
Այդ մասին այսօր ազդարարվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը խորհրդանշական է համարել, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի կացարանային համալիրի ստեղծման մեկնարկն ազդարարվում է Ուսանողների միջազգային օրը։
«Ակադեմիական քաղաքն առաջին հերթին ծրագիր է ուսանողների մասին, և ուսանողական կացարաններով ակադեմիական քաղաքի կառուցումը սկսելը իրավամբ խորհրդանշական է։ Այսօր էլ ուսանողների մի զգալի մասն ուսումնառության ընթացքում կեցության հարցերի կարգավորման խնդիր է ունենում։ Հատկապես հիմա, երբ անշարժ գույքի շուկայում վարձակալության գները շարունակաբար բարձրանում են, ուսանողական կացարանների անհրաժեշտությունն առավել քան ակնհայտ է։
Ակադեմիական քաղաքը մեծածավալ ծրագիր է, որը պետք է տարբեր փուլերով իրականացվի։ Առաջին փուլի ամենակարևոր անելիքներից մեկը, համաձայն Կառավարության ծրագրի, ուսանողական կացարանների կառուցումն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա՝ կացարաններից կարող են օգտվել նաև այսօրվա ուսանողները, քանի որ դրանք շահագործման կհանձնվեն մինչ ամբողջական ակադեմիական քաղաքի գործարկումը․ «Այդ կացարանները կծառայեն մարզերի տարբեր բնակավայրերից եկող և իրենց ուսումը մայրաքաղաքի բուհերում կազմակերպող ուսանողների համար»։
Կարևորելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությունը՝ նախարարը հիշեցրել է, որ բուհը ներգրավված է եղել նաև ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում։
««Ակադեմիական քաղաք» ծրագիրը մեզ համար շատ կարևոր նախագիծ է ոչ միայն բուհական նոր միջավայրի ձևավորման, այլ կրթական և մասնագիտական նոր փորձառության և միջազգայնորեն մրցունակ չափանիշների սահմանման առումով։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներգրավվածությունը և միջազգային տարբեր գործընկերների հետ այս նախագծում աշխատելու փաստը հնարավորություն են տալիս առնչվելու առաջավոր փորձին։ Ուսանողական կացարանները տիպային շենքեր պետք է լինեն․ քննարկումների ժամանակ բնական հարց առաջացավ՝ ինչու հենց այս ամենակարևոր աշխատանքում չներգրավվել նաև այս ուղղությամբ սովորող ուսանողներին՝ նրանց համար ապահովելով մասնագիտական փորձառության և պրակտիկայի հնարավորություն։
Այդպիսով՝ ուսանողներն իրենց ներդրումը կունենան, իրենց բաժին քարը կդնեն ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակ՝ ամուր կապվելով բարձրագույն կրթության որակի բարձրացման, մրցունակության համար ամենաառանցքային այս ծրագրերի հետ, որն արդեն տեսանելի ապագա է դառնում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Ակադեմիական քաղաքում ուսանողական կացարանի նախագծման և կառուցման աշխատանքների շրջանակում համագործակցության հուշագիրը ստորագրել են ԲԿԳ կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։
Հուշագրով նախատեսվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագիտական և գիտակրթական ներուժը ներգրավել ուսանողական կացարանների նախագծման աշխատանքներում։
Բուհի ռեկտոր Մանուկ Բարսեղյանի խոսքով՝ մեկնարկում է կարևոր նախաձեռնություն, որի առանցքում ուսանողներն ու նրանց կրթական միջավայրն են․ «Ուսանողական կացարանները պարզապես բնակելի տարածքներ չեն. դրանք պետք է լինեն անվտանգ, հարմարավետ, ներառական և կայուն միջավայրեր, որտեղ ուսանողները կարող են ապրել, սովորել և ձևավորել ակտիվ համայնք։ Դրա համար անհրաժեշտ է համադրել ճարտարապետական մտածողությունը, շինարարական ու ինժեներական լուծումները, քաղաքաշինական մոտեցումները և ուսանողների կարիքների ճիշտ ըմբռնումը»։
Նրա խոսքով՝ ստորագրվող փաստաթուղթը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում համալսարանի մասնագիտական և գիտակրթական ներուժը «Ակադեմիական քաղաք» ծրագրի ուսանողական կացարանների նախագծմանն ուղղելու և ուսանողների կարիքներին համապատասխան միջավայրի ձևավորմանը նպաստելու համար։
Համաձայն հուշագրի՝ ժամանակակից և հարմարավետ բնակելի ենթակառուցվածքների ստեղծմանը զուգահեռ կընթանան նաև տեխնոլոգիական կլաստերի և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների ապահովման աշխատանքները։