Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

ԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ ԱԺ նիստում նախարարը ներկայացրել է նախագիծը

նոյեմբեր 19, 2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում ներկայացրել է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

«ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների բյուջեն Կառավարության նախորդ ծրագրի մեկնարկի՝ 2021 թվականի համեմատ աճել է ավելի քան 2.5 անգամ։ 2027 թվականին այս ուղղություններին կհատկացվի ավելի քան 435 միլիարդ դրամ՝ 23 բյուջետային ծրագրի և 193 միջոցառման իրականացման համար»,- ասել է նախարարը։

Բյուջեն՝ որպես ժամանակի և զարգացման ռեսուրս

Անդրադառնալով ֆինանսական հատկացումների արդյունավետությանը՝ նախարարն ընդգծել է, որ բյուջեն ոչ միայն ֆինանսական, այլև ժամանակային ռեսուրս է, որը պետք է ծառայի զարգացմանը, այլ ոչ թե դառնա իներցիոն գործընթաց։

«Եթե մեր ներդրումներն իմաստավորվում են ժամանակի մեջ, արդեն կարող են մեզ տանել դեպի զարգացում։ Բյուջեի յուրաքանչյուր նախագծի շրջանակում մենք կարևոր խնդիր ունենք սեփական անելիքները վերաիմաստավորելու, նախորդող ժամանակահատվածը վերլուծելու և առաջիկա անելիքները պլանավորելու»,– ասել է նախարարը։

Կապիտալ ծախսերի աննախադեպ աճ

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախկինում կապիտալ ծախսերի ոլորտում առկա էին ինստիտուցիոնալ կարողությունների խնդիրներ, սակայն ներկայում պլանավորումն ու իրականացումը հասել են հավասարակշռության։ Փաստացի կապիտալ ծախսերի դինամիկան հետևյալն է.

  • 2018 թվական՝ 1.3 միլիարդ դրամ
  • 2025 թվական՝ 129.3 միլիարդ դրամ (փաստացի կատարողական)
  • 2026 թվական՝ 165.5 միլիարդ դրամ (նախատեսված պլան)
  • 2027 թվական՝ 164.4 միլիարդ դրամ, որը կազմում է նախարարության ընդհանուր հատկացումների 37.7%-ը

Կրթական և մարզամշակութային ենթակառուցվածքների արդիականացում

Նախարարը մանրամասներ է ներկայացրել խոշոր կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ.

Դպրոցներ և մանկապարտեզներ. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի տարեկան կատարողականը 2021 թվականի 12.9 միլիարդ դրամից 2025-ին ավելի քան իննապատկվել է՝ գերազանցելով 120 միլիարդ դրամը, իսկ 2026-ին ակնկալվում է շուրջ 150 միլիարդ դրամի կատարողական։ Դպրոցների և մանկապարտեզների կառուցման և բարեկարգման ընթացիկ ծրագրի ավարտից անմիջապես հետո՝ 2027 թվականին, կմեկնարկի հաջորդ 300 դպրոցի և 100 մանկապարտեզի կառուցման գործընթացը։

Քոլեջներ. կվերակառուցվի առնվազն 30 քոլեջ՝ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերի (էներգետիկայից մինչև երկաթուղային գործ) կադրային պահանջարկը։

Ակադեմիական քաղաք. Ակադեմիական քաղաքում մեկնարկում է 3600 տեղանոց ուսանողական կացարանների կառուցումը, որում ներգրավված են նաև ճարտարապետության և շինարարության ուղղությամբ սովորող ուսանողները։

Արվեստի և մարզական դպրոցներ, սպորտ և երիտասարդություն. նախատեսվում է կառուցել՝

  • 100 արվեստի և սպորտի դպրոց
  • 100 կոմբինացված մարզահրապարակ
  • 30 երիտասարդական կենտրոն
  • ավելի քան 10.000 տեղանոց 3 ստադիոն՝ Վանաձորում և Իջևանում, ևս մեկ արդիականացված ստադիոն Կապանում, որոնք հիմք կստեղծեն 2029 թվականին ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը մեր երկրում հյուրընկալելու համար։

Մշակույթ և հուշարձաններ. պատմամշակութային հուշարձանների վերականգնման հատկացումներն ավելի քան ութապատկվել են՝ 213 միլիոն դրամից հասնելով 1.79 միլիարդ դրամի (նախատեսվում է 40 հուշարձանի վերականգնում)։ Նախորդ տարի շուրջ 1 միլիարդ դրամ է հատկացվել թատրոնների, համերգասրահների և 19 թանգարանների կապիտալ աշխատանքներին։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտում իրականացվող ներդրումներն ուղղակիորեն նպաստում են հանրային և տնտեսական զարգացմանը՝ Հայաստանը դարձնելով միջազգային կարևոր իրադարձությունների անցկացման հարթակ։

Բյուջեն պետք է անմիջական ազդեցություն ունենա քաղաքացիների կյանքի որակի վրա

Նախարարն ընդգծել է, որ ԿԳՄՍՆ ոլորտներում իրականացվող ներդրումներն ուղղակիորեն նպաստում են հանրային և տնտեսական զարգացմանը՝ Հայաստանը դարձնելով միջազգային կարևոր իրադարձությունների անցկացման հարթակ։ Նրա խոսքով՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերն ուղղված են ոչ միայն ոլորտների զարգացմանը, այլև քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։

Միջազգային մարզամշակութային խոշոր միջոցառումների անցկացման համար 2027 թ․ նախատեսված է ավելի քան 5,4 միլիարդ դրամ

Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի և ավելի քան 4000 մասնակցի ներգրավում՝ 10 մշակութային և 10 մարզական անվանակարգերում։ «Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ ամբողջությամբ կարգի է բերվում «Հրազդան» մարզադաշտի աթլետիկական ենթակառուցվածքը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանը կհյուրընկալի նաև աշխարհի և Եվրոպայի վեց խոշոր մարզական առաջնություն՝

  • սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը,
  • կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը,
  • բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի առաջնությունը՝ 10 պարաձևով,
  • մինչև 21 տարեկանների, երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումները
  • լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան տղաների ու աղջիկների Եվրոպայի առաջնությունը,
  • երկրորդ անգամ կանցկացվի նաև «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցաշարը, որի ավելի քան 500 կմ երկարությամբ երթուղին կանցնի Հայաստանի տարբեր բնակավայրերով՝ նպաստելով երկրի միջազգային ճանաչելիությանը։

Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողների հյուրախաղեր են նախատեսվում, որի կազմակերպման համար արդեն մրցույթ է հայտարարվել։

«Թվարկված իրադարձությունների անցկացումը մի կողմից վկայում է մեր պետությունում ինստիտուցիոնալ համարժեք կարողությունների ձևավորման մասին, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ Հայաստանը դառնում է վստահելի գործընկեր բազմաթիվ կարևոր միջոցառումների հյուրընկալման տեսանկյունից»,- նշել է նախարարը։

Ուսուցիչների վարձատրության բարձրացում և մասնագիտական զարգացում

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բյուջեն պետք է անմիջական ազդեցություն ունենա քաղաքացիների կյանքի որակի վրա՝ հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում։

2027 թվականին միայն ուսուցիչների խրախուսման հավելյալ ծրագրերին նախատեսվում է հատկացնել ավելի քան 22 միլիարդ դրամ։ Համեմատության համար՝ 2018 թվականին այդ նպատակով գործել է ընդամենը մեկ ծրագիր՝ 263 միլիոն դրամ բյուջեով։ Այսպիսով, ուսուցիչների հավելյալ խրախուսման ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 84 անգամ։

2025 թվականի ավարտի դրությամբ 9600 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը՝ միջինում կրկնապատկելով վարձատրությունը։ 2026 թվականի ատեստավորմանը դիմել է ավելի քան 10 000 ուսուցիչ։

Շրջանառվում է նաև կամավոր ատեստավորման հաջորդ շրջափուլի նախագիծը, որով նախատեսվում է դրույքաչափը սահմանել 300 000 դրամ՝ դրան հավելելով 30, 40 և 50 տոկոս հավելավճարներ։

«Ուսուցչի վարձատրության բարձրացումը մեզ համար սահմաններ չունի, և յուրաքանչյուր նոր շրջափուլում մենք դրա համար սահմանելու ենք նոր պայմաններ ու հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը։

Ատեստավորման ծրագրերի ընդլայնում՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում

Ատեստավորման և տարակարգի մեխանիզմները ներդրվել են նաև քոլեջներում։ 2027 թվականին քոլեջների դասախոսների վարձատրության բարձրացմանը կհատկացվի ավելի քան 1 միլիարդ դրամ։

Պետության ֆինանսավորմամբ տարակարգի հնարավորություն է գործում նաև մանկապարտեզներում, որտեղ տարակարգ ստացած աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ատեստավորվում են նաև արվեստի և սպորտի դպրոցների ուսուցիչները։

Գիտաշխատողների վարձատրությունը 300 տոկոսով ավելացել է

Նախարարն անդրադարձել է նաև գիտաշխատողների վարձատրությանը՝ նշելով, որ նախորդող շրջանում նրանց բազային վարձատրությունն արդեն բարձրացել է մինչև 300 տոկոսով, և այս քաղաքականությունը շարունակական է։

2,47 միլիարդ դրամ՝ մարզիկների և մարզիչների խրախուսմանը

Սպորտի ոլորտում ավելի քան 800 մարզիկների և մարզիչների խրախուսման համար 2027 թվականին նախատեսվում է շուրջ 2,47 միլիարդ դրամ՝ նպաստելով միջազգային առաջնություններին և Օլիմպիական խաղերին նրանց նախապատրաստմանը։

Ատեստավորում թանգարաններում և գրադարաններում

Ատեստավորման գործընթացը կընդլայնվի նաև մշակույթի ոլորտում։ Թանգարաններում այն արդեն մեկնարկել է, իսկ գրադարաններում կիրականացվի 2027 թվականի առաջին կիսամյակում՝ ապահովելով աշխատակիցների վարձատրության բարձրացման նոր հնարավորություններ։

«Մոտեցումը մնում է անփոփոխ. վարձատրության բարձրացումը փոխկապակցված է մասնագիտական զարգացման հետ՝ հետևելով Կառավարության ամենակարևոր սկզբունքին՝ կրթությունը մեր ռազմավարությունների ռազմավարությունն է»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնում

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ վերջին տարիներին էապես մեծացել է որակյալ կրթության հասանելիությունը։

2025 թվականին նախադպրոցական կրթության համակարգում 3–5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս՝ 2021 թվականի 64,3 տոկոսի համեմատ աճելով շուրջ 17 տոկոսային կետով։

2026 թվականի ավարտին, 500 մանկապարտեզների ծրագրի ամփոփմամբ, նախատեսվում է ապահովել Կառավարության նախորդ ծրագրով սահմանված 85 տոկոս թիրախային ցուցանիշը։

Առաջին անգամ պետության ֆինանսավորմամբ համայնքային մանկապարտեզներում ներդրվել են մսուրային ծառայություններ մեկ տարեկան երեխաների համար։ 2027 թվականին նախատեսվում է մեկնարկել նաև վեց ամսական երեխաների համար նախատեսված մսուրային ծառայությունը։

Դպրոցական ավտոբուսներ․ նոր ծառայություն

Որակյալ դպրոցական կրթության հասանելիությունն ընդլայնելու նպատակով գործարկվում է դպրոցական ավտոբուսների նոր ծառայություն, որը տարբեր բնակավայրերի երեխաներին հնարավորություն կտա հաճախելու նորակառույց և հիմնանորոգված կլաստերային դպրոցներ։

2026 թ․ ծառայությունը փորձարկվում է հինգ կենտրոնում, իսկ 2027 թվականին նախատեսվում է այն ներդնել ևս 28 կենտրոնում։

Բարձրացել է քոլեջների գրավչությունը

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2026–2027 ուսումնական տարում քոլեջների առաջին կուրս է ընդունվել ավելի քան 16 000 ուսանող՝ 2021 թվականի համեմատ շուրջ 32 տոկոսով ավելի։

Նրա խոսքով՝ դրան նպաստել են գերակա մասնագիտությունների համար սահմանված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակները, աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և իրականացվող բարեփոխումները։

Միաժամանակ, մարզային քոլեջներում փոխհատուցվում են ավելի քան 7000 ուսանողների տրանսպորտային ծախսերը՝ միջին մասնագիտական կրթությունը դարձնելով առավել հասանելի։

Մշակույթը՝ ավելի հասանելի, ընթերցանության խրախուսում

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարության ծրագրի հանձնառություններից են ընթերցանության խրախուսումը և ընթերցանության մշակույթի զարգացումը։ Այս ուղղությամբ գործող ծրագրերին զուգահեռ փորձարկվելու են նոր ծրագրեր, որոնք գրադարանները կդարձնեն ոչ միայն գրքերի պահպանման, այլև ընթերցանության, կրթության, ստեղծարարության և հանրային շփումների ժամանակակից կենտրոններ։ Շուրջ 790 միլիոն դրամ է հատկացվելու մշակութային և գեղագիտական դաստիարակության ծրագրին՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 16%-ով ավելի։

Գեղագիտական դաստիարակության շարունակվող և նոր ծրագրեր

  • Դպրոցական բաժանորդային ծրագիր
  • Ազգային երաժշտական գործիքներով ուսուցում
  • Շնորհալի երեխաների աջակցություն
  • 1000 մշակութային ծրագիր մարզերում

Նախարարն ընդգծել է «Դպրոցական բաժանորդ» համակարգի ցուցանիշները, որի արդյունքում աշակերտները պետության ֆինանսավորմամբ կարողանում են այցելել թանգարաններ, թատրոններ և համերգային կազմակերպություններ։ 2025 թ․ ավելի քան 357 000 աշակերտ այցելել է մշակութային հաստատություններ՝ 2024-ի ցուցանիշը գերազանցելով շուրջ 57 000-ով։ 2025 թվականի շահառուների թիվը 55.5%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը և ընդգրկում է հանրակրթական դպրոցներում սովորողների 84% -ը։

«Առաջիկայում սովորողների համար նախատեսել ենք նաև գիտական ինստիտուտներ այցելությունները՝ որպես հետազոտական հմտությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Առանցքային քաղաքականություն է մշակութային կյանքի ապակենտրոնացումը և մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը․ գալիք տարում պլանավորել ենք մարզերում շուրջ 1000 մշակութային ծրագրերի իրականացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Վարչապետի գավաթ» խորագրով դպրոցականների մրցաշարերը կշարունակվեն

Վարչապետի գավաթ խորագրով դպրոցականների մրցաշարերին 2025 թվականին մասնակցել է ավելի քան 25 000 աշակերտ՝ 2024-ի ցուցանիշը գերազանցելով 2.6 անգամ։ Ըստ էության՝ հանրապետության դպրոցների գոնե 42%-ը առնվազն մեկ մրցաշարի մասնակցության հնարավորություն է ունեցել։ Իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում անցկացված երեք մրցաշարերին մասնակցել է ավելի քան 22 000 դպրոցական, տարվա տվյալները դեռ ամփոփված չեն։

Դպրոցականների տարբեր մարզաձևերով մրցումների համար 2027 թվականին նախատեսվել է 450.3 միլիոն դրամ, ինչն այս տարվա ցուցանիշը գերազանցում է 7.4%-ով:

Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ անվճար խմբակներ մարզերի երեխաների համար

Մարզերում երեխաների համար մարզական խմբակների հասանելիության ընդլայնման նպատակով 2027 թվականին նախատեսվել է 60 միլիոն դրամ, որը մեկնարկային տարվա համեմատ հնգապատկվել է։ «Եթե 2024 թվականին մեկնարկած փորձնական ծրագրերում պետական աջակցությամբ ֆինանսավորվել են մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքները, ապա այս տարվանից արդեն մարզաձևերը ընդլայնվում են՝ ներառելով նաև դահուկային սպորտը և հրաձգությունը: Այս ծրագրերով մրցույթներն արդեն հայտարարված են, 2027-ից կապահովվի ֆինանսավորումը»,- ասել է նախարարը։

Դեպի մշակույթի տնտեսականացում

«Բյուջեն նաև խթանում է մեր ոլորտների ինքնաբավությունը՝ ներդնելով տնտեսականացման նոր խթաններ: Մշակույթի ոլորտի համակարգային բարեփոխումներից էր մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների աճը խրախուսող ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որը կշարունակվի նաև հաջորդ տարի։ 2023 թվականից պետական ֆինանսավորումը փոխկապակցված է կազմակերպությունների նախորդ տարվա սեփական եկամուտների հետ։ Պետությունը կրկնապատկում է մշակութային հաստատության սեփական եկամուտները՝ խթանելով մշակութային գործունեության ընդլայնումը, հանդիսատեսի թվի ավելացումը և աշխատակիցների վարձատրության բարձրացումը։

Արդյունքներ. 2025 թվականին՝ 2022 թվականի համեմատ

  • թատրոններում սեփական եկամուտներն աճել են 1.75 մլրդ դրամով կամ 152%-ով
  • համերգային կազմակերպությունների սեփական եկամուտներն աճել են 745 միլիոն դրամով կամ 153%-ով
  • թանգարանների սեփական եկամուտներն աճել են 859 միլիոն դրամով կամ 112%-ով

Ըստ նախարարի՝ կինոյի ոլորտում ներդրվել է կինոարտադրության ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Այս տարի ներդրումների վերադարձի ենթակա 11 ֆիլմ է հաստատվել՝ վերադարձվող ընդհանուր գումարն այս տարվա համար ավելի քան 330 միլիոն դրամ է, ֆիլմերի ընդհանուր բյուջեն ավելի քան 1.1 միլիարդ դրամ է:

Հուշարձանները՝ տնտեսական զարգացման շղթայի կարևոր մաս

Այս տարի հուշարձաններում կազմակերպված չորս խոշոր միջոցառումներն ավելի քան 12 000 մասնակից են ունեցել՝ ապահովելով համապատասխան ֆինանսական մուտքեր: Երեք հուշարձան մրցույթային եղանակով հանձնվել է մասնավորի կառավարմանը՝ որպես պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և այդ ժառանգությունը ներկայում կենսունակ դարձնելու կարևոր քաղաքականություն:

Սպորտի տնտեսականացումը նոր թափ է առնում

Հայաստանում մասնավորի ներդրմամբ բացվել են Յուվենտուսի և Բենֆիկայի ֆուտբոլի ակումբները։ Նախարարի դիտարկմամբ՝ ֆուտբոլային մի շարք ակումբներ իրենց սեփական մարզադաշտերը, ենթակառուցվածքները կառուցելու ճանապարհին են՝ ցույց տալով, որ սպորտում ներդրումները կարող են արդարացված լինել։

2027-ին պլանավորվել է մասնավորի հետ համագործակցությամբ սպորտային բժշկության ենթակառուցվածքի ձևավորումը՝ որպես սպորտի միջազգային մրցունակության բարձրացման կարևոր քայլ։

Նոր նախաձեռնություններ․ պետությունը ֆինանսավորում է, մասնավորը՝ ապահովում ծրագիրը

Ընդգծելով, որ բյուջեի ձևավորման տրամաբանությունը ենթադրում է նաև նորարար նախաձեռնողականությունների խթանում, նախարարը թվարկել է մի շարք նոր նախաձեռնություններ։

Պետությունը համայնքի հետ միասին կֆինանսավորի մասնավոր մանկապարտեզներում երեխաների կրթությունը։ Մասնավորապես` 2027 թվականին ավելի քան 40 միլիոն դրամ կհատկացվի, որ քաղաքային բնակավայրերում հերթերի պատճառով նախադպրոցական կրթության հնարավորություն չունեցող երեխաները կարողանան մանկապարտեզ հաճախել։

Տրանսպորտային փոխհատուցում կստանան գյուղական այն բնակավայրերի մանկապարտեզների աշխատակիցները, որոնք այլ բնակավայրից են աշխատանքի մեկնում։ Սա հնարավորություն կտա, որպեսզի լրացվի հատկապես գյուղական բնակավայրերում որակյալ կադրերի պակասը՝ հնարավորություն ստեղծելով նաև մոտակա բնակավայրերից մասնագետներ ներգրավելու։

Նորություններ հանրակրթության ոլորտում

Կգործարկվի դպրոցների կատարողականի գնահատման համակարգը, որով բարձր կատարողական ունեցող դպրոցները կկարողանան մրցութային կարգով տարեկան լրացուցիչ մինչև 10 միլիոն դրամ ստանալ նորարարական ծրագրեր իրականացնելու նպատակով: Ցածր կատարողական ունեցող դպրոցներում կրթության որակի բարելավման լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն։ Կատարողականի գնահատումը հիմք կհանդիսանա նաև դպրոցների վարչական թիմերի ատեստավորման համար՝ դրական արդյունքի դեպքում հանգեցնելով վարձատրության բարձրացման, բացասականի դեպքում՝ աշխատանքի շարունակության վերանայման:

Կմեկնարկի մասնավոր դպրոցներում երեխաների կրթության՝ պետության համաֆինանսավորման ծրագիրը, որը պետք է նպաստի ուսման վճարների նվազմանը, դրանով իսկ ոչ պետական դպրոցներում կրթության հասանելիության մեծացմանը, ոչ պետական դպրոցների ցանցի ընդլայնմանը և պետական դպրոցի հետ միասին առողջ մրցակցության միջավայրի ձևավորմանը։

Նորակառույց կրթահամալիրները կզարգանան իբրև համայնքային կենտրոններ՝ երիտասարդական միջավայրերի նոր ցանց ձևավորելով հասարակական կազմակերպությունների հետ միասին։

Ֆիզիկական արհեստական բանականության զարգացման ծրագիրը՝ նոր հնարավորություն

Կմեկնարկի պետության կարիքներից բխող նպատակային գիտական հետազոտությունների իրականացումը՝ աջակցելով տարբեր ոլորտների մարտահրավերների և նպաստելով արտադրողականության բարձրացմանը:

Հաստատվել է ֆիզիկական արհեստական բանականության զարգացման ծրագիրը, որը կիրականացվի գալիք յոթ տարիների ընթացքում՝ ընդհանուր առմամբ 14 միլիոն դոլար արժեքով՝ երեք բուհերում՝ մասնավորի առնվազն 50% համաֆինանսավորմամբ և սփյուռքի գիտական ներուժի ներգրավմամբ։

Թվային վերափոխում տարբեր ոլորտներում

2027 թ. աշխատանքների առանցքում է լինելու նաև պետական կառավարման և ծառայությունների թվային վերափոխումը։ Այս համատեքստում նախատեսվում է ընդլայնել գործող թվայնացման ծրագրերը՝ կրթությունից տարածվելով նաև գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներ։ «Կարծում եմ՝ սա էապես կնպաստի ոլորտների թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների վրա հիմնված որոշումների կայացման համակարգերի զարգացմանը։ 2027 թվականի ոլորտների թվայնացման նպատակով նախատեսվել է շուրջ 977 միլիոն դրամ: Այս աշխատանքներն էական ազդեցություն կունենան նաև քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»,- տեղեկացրել է նախարարը։

Նա առանձնահատուկ ընդգծել է արհեստական բանականության և կրթության համակարգերի փոխկապակցվածության մարտահրավերները և նշել. «Մեր առանձնահատուկ պատասխանատվությունն է ուսուցիչների թվային և արհեստական բանականության գրագիտության բարելավումը: Ակնհայտ է՝ արհեստական բանականությունն արդեն իսկ կրթական համակարգում ավելի քան ակտիվորեն օգտագործվում է սովորողների կողմից: Եվ առաջնային անհրաժեշտություն է ճիշտ և մտածված քաղաքականություն ունենալ՝ առաջին հերթին բարձրացնելու կառավարող և մանկավարժական կազմի կարողությունները։ Այս ուղղությամբ աշխատանքը 2027 թվականի կարևոր անելիքներից է: Հուսով եմ՝ Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցությամբ կկարողանանք նաև անդրադառնալ արհեստական բանականության կիրառության կարգավորմանն ուղղված ընթացակարգերին»:

Նա տեղեկացրել է, որ Open AI-ի հետ համագործակցության շրջանակում այս տարի արդեն իսկ մեկնարկել է համագործակցություն՝ Firebird-ի աջակցությամբ 50000 օգտահաշիվներ տրամադրելով ChatGPT Education կրթական համակարգի համար մշակված առանձին գործիքակազմերի ուղղությամբ:

Նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են կամավոր ատեստավորմանը, ֆեդերացիաների ֆինանսավորմանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը և այլն։