Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Արհեստական բանականության օրեր Հայաստանում. 16 միջոցառում, 159 դպրոցի մասնակցություն

նոյեմբեր 19, 2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնությանը, որն անցկացվել է «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով։ «ԱԲ օրեր 2026»-ը կազմակերպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ և ԲՏԱԱԲ նախարարությունների հետ համագործակցությամբ։  Նախաձեռնությանը միացել է 159 դպրոց։

ՄԱԶԾ-ի 12 գործընկեր կազմակերպություն անցկացրել է 16 միջոցառում՝ անվճար բաց դասեր, վերապատրաստումներ, գործնական աշխատարաններ, ֆորումներ և քննարկումներ։ 
«Պատրաստ ԱԲ-ին. կրթությունը, աշխատանքը և կյանքը Հայաստանում՝ արհեստական բանականության դարաշրջանում» երկրորդ քննարկմանը Աննա Բաբաջանյանն անդրադարձել է ուսուցման գործընթացում ԱԲ կիրառման խնդրին՝ մասնավորապես, թե ինչպես պետք է դպրոցը փոխի ուսուցման ու գնահատման ձևերը, ինչ աջակցություն է անհրաժեշտ մարզերի ուսուցիչներին։ Կարևորվել են նաև  ԱԲ կարգավորման, նորարարության և հանրային վստահության, պետական համակարգերում ԱԲ-ի անվտանգ, թափանցիկ ու մարդակենտրոն կիրառման հարցերը։ 

Միջոցառման շրջանակում Երևանի և  մարզերի ներկայացուցիչները քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ԱԲ գրագիտությունը, կիբեռանվտանգությունը, ԱԲ կառավարման սկզբունքներն ու հանրային քաղաքականությունը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունn ԱԲ-ի ապագայի շուրջ հանրային երկխոսությանը։ 

«ԱԲ օրեր 2026»-ի գլխավոր միջոցառումը՝ «ԱԲ Ագորա»-ն (AI Agora), անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հին Հունաստանի ագորայի օրինակով՝ Ազգային պատկերասրահում բացվել է «Ճնշման ցուցիչ» (Index of Pressure) ինստալյացիան՝ պատկերասրահի առաջին ցուցադրությունը, որը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով։ Այն բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։

«ԱԲ օրեր 2026»-ի գործընկեր կազմակերպություններն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը (ISTC), «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը (MIC Armenia), CyHub Armenia-ն, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն (APY), «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը (Teach For Armenia), Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), TUMO Labs-ը, Plug and Play Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ Նախաձեռնությունը համաֆինանսավորել են Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։