«Արտնեքսուս» ծրագիրը շարունակվում է
նոյեմբեր 20, 2026
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսին, «Արտնեքսուս» ծրագրի միջազգային զարգացման գծով ավագ խորհրդականներ Նադյա Ալինին և Յուլիա Բենգտսոնին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային համագործակցությունը՝ ընդգծելով «Արտնեքսուս» ծրագրի նշանակությունը Հայաստանի մշակութային ոլորտի զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում:
««Արտնեքսուս» ծրագիրը մշակույթի ոլորտում էական փոփոխությունների և զարգացման նոր հնարավորությունների խթան է: Համոզված եմ՝ համագործակցության շարունակությունն ու ամրապնդումը բխում են ոլորտի, ստեղծագործական համայնքի և հանրության շահերից»,- նշել է նախարարը՝ կարևորելով հատկապես ինքնազբաղ արվեստագետների իրավունքների պաշտպանությունը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական փորձի փոխանակման գործընկերային հարթակի (peer-to-peer) ստեղծումը, որը հնարավորություն կտա կիրառելու շվեդական փորձը՝ նպաստելով մշակութային հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսը գոհունակությամբ արձանագրել է «Արտնեքսուս» ծրագրի շրջանակում համագործակցության շոշափելի արդյունքները:
Նա հատկապես ընդգծել է մշակույթի ապակենտրոնացման կարևորությունը՝ շեշտելով մարզերում արվեստագետների մասնագիտական հնարավորությունների ընդլայնման և հանրության համար մշակութային կյանքի հասանելիության ապահովման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև «Արտնեքսուս» ծրագրի ընթացքին և հետագա անելիքներին: Կողմերը կարևորել են ստեղծարար արդյունաբերությունների զարգացումը, տեխնոլոգիական փոփոխություններին համահունչ նոր մոտեցումների կիրառումը:
Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ իրականացվող «Արտնեքսուս» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2021–2024 թվականներին։ Ընթացիկ երկրորդ փուլը 2025–2028 թվականների համար է նախատեսված:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն, թափանցիկ և ներառական մշակութային միջավայրի ձևավորմանը, արվեստագետների իրավունքների և մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը: