«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» մշակութային կրթության ծրագիրն անցկացվել է Երևանում և մարզերում
նոյեմբեր 20, 2026
Ամփոփել է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» մշակութային կրթության ծրագրի առաջին փուլը, որտեղ ներկայացվել են Երևանի և մարզերի շուրջ 300 մասնակցի ստեղծագործական աշխատանքները։
Ծրագիրն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Այն միտված է մշակութային կրթության միջոցով Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, ավանդական գիտելիքների ու հմտությունների փոխանցմանը և դրանց կենսունակության ապահովմանը։
Դասընթացներն իրականացվել են Երևանում, Ախթալայում, Դիլիջանում, Էջմիածնում, Արարատում, Գորիսում, Կապանում, Զորակում, Ճամբարակում, Քասախում, Զովքում, Արգելում, Գառնիում, Պռոշյանում, Աշտարակում, Ուշիում, Աչաջրում, Վերին Ծաղկավանում, Երնջատափում և Գանձաքարում։
Ծրագրի շրջանակում 11 ուսուցչի ներգրավմամբ կազմակերպվել են դասընթացներ ժողովրդական ձեռարվեստի և ստեղծագործական գործունեության տարբեր ուղղություններով՝ ասեղնագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, փայտի փորագրություն, տիկնիկագործություն, եղեգնագործություն, ստվերների թատրոն և գուլպայագործություն։
Տարբեր տարիքի երեխաներն ու պատանիները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական ավանդական ձեռարվեստի առանձնահատկություններին, յուրացնելու ժողովրդական արհեստների տեխնիկաները։
«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը կարևորում է ոչ միայն ավանդական արհեստների գործնական ուսուցումը, այլև դրանց հիմքում ընկած մշակութային արժեքների, տեղական ավանդույթների և համայնքային հիշողության ճանաչումն ու արժևորումը։