Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարմնամարզության ԵԱ նախապատրաստական աշխատանքների համար
նոյեմբեր 20, 2026
Կառավարությունը 257.3 մլն դրամ է հատկացրել 2027 թ. Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության վերջին նիստում։
Առաջնությունն անցկացվելու է 2027 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Միջազգային հեղինակավոր մրցաշարին ակնկալվում է շուրջ 500 մարզիկի, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմերի և պաշտոնական պատվիրակությունների մասնակցություն։
Կառավարության որոշմամբ նախատեսված ֆինանսական միջոցները կհատկացվեն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային՝ առաջնության կազմակերպման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու և միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։ Գումարը կհատկացվի ԿԳՄՍՆ 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացվող վերաբաշխման արդյունքում:
Նշենք, որ 2027 թվականի պետական բյուջեով սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջնության ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 1.3 մլրդ դրամ։ Հաշվի առնելով միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջների կատարման և նախապատրաստական աշխատանքների ժամանակին իրականացման անհրաժեշտությունը՝ ֆինանսավորման մի մասն ապահովվում է 2026 թվականին։