Դպրոցականների լողի մրցաշարում առաջին տեղը գրավել են Երևանի հավաքական թիմերը
նոյեմբեր 21, 2026
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում երկրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որի եզրափակիչ փուլին ավելի քան 150 դպրոցական է մասնակցել ՀՀ մարզերից և Երևանից։
Մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։
Եզրափակիչ փուլում մրցել են մարզերի և Երևանի հավաքական թիմերը տարիքային երկու խմբով․ թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա): Առաջին տարիքային խմբի` 4-7-րդ դասարանցիների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի հավաքական թիմը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի թիմն է, լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի հավաքական թիմը: Այս տարիքային խմբի հաղթողների պարգևատրումն իրականացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը:
Երկրորդ տարիքային խմբում` 8-12-րդ դասարանցիների պայքարում հաղթողի կոչմանը դարձյալ արժանացել են Երևանի դպրոցականները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի հավաքական թիմը, իսկ երրորդ տեղը գրավել է Լոռու մարզի հավաքական թիմը: Այս տարիքային խմբի հաղթողների պարգևատրումն իրականացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և ընդգծել՝ մրցաշարի նպատակներից են երեխաների շրջանում առողջ և ազնիվ մրցակցության խթանումը, թիմային համագործակցության և մտածողության զարգացումը:
««Վարչապետի գավաթ» մրցաշարերում անհատական մրցակարգ չունենք, նույնիսկ անհատական ձևերի մրցումներն իրականացվում են թիմային մրցակարգով: Սա շատ կարևոր է մեր երեխաների և, ընդհանրապես, մարդու կյանքի համար: Նախ՝ միմյանց նկատմամբ պատասխանատվություն է, որովհետև յուրաքանչյուրը գիտի, որ իր գործադրած ջանքը նաև ազդում է մյուսի արձանագրած արդյունքի վրա, և նաև բոլորը գիտեն, որ առանց թիմի աջակցության՝ անհատը չի կարող հասնել առավելագույն արդյունքի։
Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր երեխա, առանց բացառության, բացառիկ տաղանդավոր է, և մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների տաղանդը բացահայտվի»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ համատեքստում ՀՀ վարչապետն անդրադարձել է մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորությանը։ «Լողի պարագայում մենք մեկ այլ որոշում էլ ենք կայացրել. մարզերում երեխաների համար ստեղծել ենք հնարավորություն լողավազաններում մարզվելու, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այսինքն՝ երեխաները հնարավորություն ունեն այցելել մասնավոր լողավազաններ, և պետական բյուջեն երեխաների վարձավճարը վճարում է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցաշարի իրականացման առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մրցաշարի դերը երեխաների ֆիզիկական պատրաստվածության, սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի խթանման գործում։ Անդրադառնալով մրցաշարի արդյունքներին՝ նախարարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ նկատելի որակական առաջընթաց է գրանցվել։ «Շատ ուրախ եմ, որ այս մրցաշարերն առաջին հերթին խթանում են երեխաների՝ ավելի լավ պատրաստվածությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի համայնքային փուլին մասնակցել է ավելի քան 1400 դպրոցական՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 300-ով ավելի։
Ըստ նախարարի՝ մարզերում և Երևանում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ լողավազանների կառուցումը, կնպաստի առաջիկա տարիներին մրցաշարում դպրոցականների մասնակցության ընդլայնմանը։
«Հուսով եմ` սրանք ոչ միայն մրցաշարեր են, այլև կենսակերպ, որը սկսվում է մինչև մրցաշարերը՝ համապատասխան պատրաստվածությամբ, և շարունակվում նաև այս մրցաշարերից հետո։ Սպորտը, ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը պետք է լինեն մեր երեխաների ամենակարևոր զբաղմունքներից, և պետությունը շարունակելու է աջակցել դրան։
Այս մրցաշարի կարևոր ձեռքբերումներից են նաև երեխաների մոտ կամային հատկանիշների, նպատակասլացության և դժվարությունները հաղթահարելու կարողության ձևավորումը»,- ասել է նախարարը՝ շնորհավորելով հաղթողներին և մասնակիցներին։
Միջոցառման շրջանակում շնորհակալագրերով և հուշանվերներով են պարգևատրվել «Լողի հայկական դաշնություն» ՀԿ նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանը: Պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:
Եզրափակիչ փուլի հաղթողների և մրցանակակիրների համար նախատեսված են գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և դրամական պարգևներ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը ստանում է 4 միլիոն դրամ, երկրորդ տեղը՝ 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 միլիոն 500 հազար դրամ։ Թիմերին հատկացվող դրամական պարգևները համամասնորեն կբաշխվեն հավաքականների անդամների և դպրոցների միջև՝ մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով։
Դրամական պարգևներ են ստանում նաև մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր մասնակից պարգևատրվում է 150 հազար դրամով, երկրորդ տեղը զբաղեցրած թիմի մասնակիցները՝ 100 հազարական դրամով, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմի մասնակիցները՝ 75 հազարական դրամով։ Մրցանակակիր թիմերի մարզիչները կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները պարգևատրվում են համապատասխանաբար 150 հազար, 100 հազար և 75 հազար դրամով։ Նշված դրամական պարգևների չափերում ներառված չեն հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Լողի հայկական դաշնության հետ համագործակցությամբ։ Մրցաշարի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, թիմային համագործակցությունը և նպաստել լող մարզաձևի մասսայականացմանը։