Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։

Ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք համադրվել են Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին Հայաստան-Հունաստան մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում։ «Ցուցահանդեսն ընդգծում է Հայաստանի պատմական դերը՝ որպես հնագույն քաղաքակրթությունների, առևտրային ուղիների և մշակութային փոխազդեցությունների կարևոր խաչմերուկ։ Հայկական ժառանգությունը ներկայացվում է Ակրոպոլիսի թանգարանում՝ մշակութային ժառանգության պահպանման աշխարհի առաջատար կենտրոններից մեկում` որպես երկու հնագույն քաղաքակրթությունների միջև պատմական երկխոսության և մշակութային արժեքների փոխանակման եզակի հարթակ։

Մշակույթը ոչ միայն ազգերի պատմական հիշողությունը պահպանելու միջոց է, այլև հզոր գործիք՝ միջազգային հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման խթանման և ժողովուրդների միջև վստահության ամրապնդման համար։ Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային դիվանագիտության զարգացմանը»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը՝ ընդգծելով, որ ցուցադրության կազմակերպման հարցը քննարկվել է իր՝ 2024 թ․ Հայաստան կատարած այցի, ինչպես նաև 2025 թ. ամռանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Աթենք կատարած այցի ընթացքում։ Նրա ընդգծմամբ՝ այսպիսի գիտական հենք ունեցող ցուցահանդեսները կարևոր են պատմության տարբեր շրջանների լուսաբանման առումով։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ այն Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված առաջին ցուցահանդեսն է, որը ներկայացնում է նախաքրիստոնեական Հայաստանի մշակույթը։ Նա հիշեցրել է, որ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները սկսվել են 2024 թվականին, և որ ցուցահանդեսի սկզբնական շրջանակն ընդլայնվել է՝ ընդգծելու հին Հայաստանի և Հունաստանի միջև փոխադարձ ազդեցությունները։

Հայաստանի պատմությյան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանու ցուցադրումը Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից ընտրված շուրջ 28 նմուշների կողքին լույս է սփռում երկու հնագույն քաղաքակրթությունների միջև տեղի ունեցած մշակութային փոխանակումների վրա։ Նա շնորհակալություն  է հայտնել  դեսպանությանը նախաձեռնության համար և ընդգծել, որ երկու թանգարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կնքվել է 2026 թվականի փետրվարին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում։

Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը ներկայացրել է ցուցահանդեսն ու դրա հիմքում ընկած գաղափարը՝ սկսած ձևավորումից մինչև բովանդակություն։ Նա անդրադարձել է ինչպես հելենիստական շրջանում հայկական մշակույթի վրա հունական ազդեցությանը, այնպես էլ ավելի վաղ շրջանում՝ Էգեյան ծովի արևելյան հատվածի հունական կղզիների մշակույթի վրա ուրարտական ազդեցությանը։

Ակրոպոլիսի թանգարանում «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հունաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ եկեղեցական բարձրագույն հոգևորականներ՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի,  ինչպես նաև Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև  2027 թ․ փետրվարի 28-ը։ Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում Ակրոպոլիսի թանգարանում Հունաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ ներկայացվելու են հայկական մշակութային տարբեր կատարումներ, կազմակերպվելու են հայկական դպրոցների այցելություններ, ինչպես նաև ներկայացվելու են հայկական ազգային խոհանոցի ավանդույթները։ Ցուցահանդեսը լայնածավալ գովազդվելու է Աթենքի ստորգետնյա կանգառներում և օդանավակայանում։ Բացումն արժանացել է ծավալուն լուսաբանման ինչպես հունական, այնպես էլ միջազգային մեդիայի կողմից։