«ԱրմՌոբոտիքս 2026»․ դպրոցականների 180 թիմեր փորձարկել են ռոբոտաշինության իրենց հմտությունները
նոյեմբեր 21, 2026
«Մերիդիան» էքսպո կենտրոնում «Դիջիթեք 2026»-ի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստանի հնարավորություններն արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։
Քննարկման ընթացքում արծարծվել են Հայաստանը AI հանգույց դարձնելու ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:
Հաջորդիվ պաշտոնյաները հետևել են նաև «Դիջիթեք էքսպո 2026» ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցող «ԱրմՌոբոտիքս» Հայաստանի 18-րդ առաջնության եզրափակիչ փուլին, որն անցկացվել է «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում» խորագրով։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը։
«ԱրմՌոբոտիքս2026»-ն անցկացվում ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/՝ համագործակցությամբ։ Մրցույթի գլխավոր հովանավորը ԿԳՄՍ նախարարությունն է, հովանավորը՝ «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ընկերությունը։
Մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես՝ ԱՏՁ միությանը տարիների հաջող համագործակցության համար և մանկավարժ-խմբավարներին՝ արդյունավետ աշխատանքի համար։
«Այս մրցույթը իսկապես շատ մեծ ու կարևոր աշխատանքի արդյունք է։ Մինչ եզրափակիչ հասնելը՝ երեխաներն իրենց խմբավարների ու հասակակիցների հետ ամենօրյա ջանադրությամբ ուսումնասիրել են ռոբոտիկայի ոլորտը, որի արդյունքում մրցութային հարթակի վրա տեսնում ենք՝ ռոբոտները շարժվում են՝ բոլորիս մոտ առաջացնելով մեծ հետաքրքրություն։ Դպրոցականների 180 թիմ, ավելի քան 700 երեխա է մասնակցել մրցույթին տարբեր մարզերի դպրոցներից։ Մրցույթը նաև թիմային ոգի զարգացնելու, միմյանց ճանաչելու, ընկերներ ձեռք բերելու, իրար հետ նոր գաղափարներ քննարկելու լավագույն հնարավորություն է, որը նաև կրթության և մտածողության զարգացման լավագույն միջոց է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի մրցույթն ավելի ընդգրկուն կդառնա։
Եզրափակիչ փուլից առաջ անցկացվել են նախընտրական և մարզային փուլեր, այնուհետև տեղի է ունեցել հաքաթոն, որի ընթացքում թիմերը պատրաստվել են բուն մրցույթին։ Մրցույթին մասնակցել են 9-18 տարեկան դպրոցականներ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոցների սաները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և տարբեր STEM կրթական ծրագրերի թիմերը։
Ըստ մրցութային արդյունքների՝ կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ն. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի դպրոցը, երրորդ տեղում՝ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը։
Ավագ տարիքային խմբում առաջատարը Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են, երկրորդ տեղը զբաղեցրել է Քարահունջի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը։
Նշենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ճարտարագիտական աշխատանոցների «Արմաթ» ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ նախապատրաստելով և ուղղորդելով երեխաներին դեպի տեխնիկական կրթություն։