Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման կենտրոն․ Ժաննա Անդրեասյան
նոյեմբեր 23, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) մասնակցել է ARCS-ai հաշվարկային գիտությունների և արհեստական բանականության կենտրոնի հիմնած Հայաստանի ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ազգային կենտրոնի (ARPI) պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA ընկերության Ֆիզիկական արհեստական բանականության գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ինչպես նաև ARCS-ai նախաձեռնության խորհրդի նախագահ, Բրաուն համալսարանի պրոֆեսոր Նորա Այանյանը։
«Արփի» կենտրոնը գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ Ֆիզիկական արհեստական բանականության զարգացման յոթամյա ծրագրի շրջանակում։
Ողջունելով նախաձեռնության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է դրա նշանակությունը Հայաստանում գիտության, բարձրագույն կրթության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման համար։
«Հայաստանը պետք է ոչ միայն հետևի համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին և օգտվի դրա ձեռքբերումներից, այլև իր գիտական և մարդկային ներուժով ակտիվորեն մասնակցի այդ առաջընթացի ձևավորմանը»,- ընդգծել է նախարարը։
Ծրագիրն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ ստեղծված ARCS.ai կենտրոնի և Հայկական նորարարության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է պետության, մասնավոր հատվածի, համալսարանների և միջազգային գիտական հանրության համագործակցությունը։
«Պետություն–մասնավոր հատված համագործակցության այս մոդելը կարևոր է ոչ միայն տվյալ ծրագրի, այլև Հայաստանի բարձրագույն կրթության և գիտահետազոտական համակարգի լայնածավալ վերափոխման և հասարակության զարգացման համար։ Այն նաև նպաստում է նորարարության «եռակի պարույրի» (Triple Helix) մոդելի ամրապնդմանը, որը հիմնված է գիտակրթական միջավայրի, արդյունաբերության և պետության փոխգործակցության վրա։ Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման, գիտական հետազոտությունների իրականացման և նորարարությունների զարգացման կենտրոն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը շեշտել է նաև ծրագրի կապը «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության հետ՝ նշելով, որ մասնակից համալսարաններում ձևավորվող կարողություններն ու ռեսուրսները հետագայում պետք է ինտեգրվեն Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերում։
«Մեր նպատակն է Հայաստանում ձևավորել այնպիսի գիտակրթական միջավայր, որտեղ տաղանդավոր երիտասարդները կկարողանան ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իրականացնել առաջատար գիտական հետազոտություններ և իրենց մասնագիտական ապագան կառուցել Հայաստանում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Յոթամյա ծրագրով նախատեսվում է զարգացնել գիտահետազոտական ենթակառուցվածքները, ներգրավել միջազգային փորձառությամբ գիտնականների և հետդոկտորական հետազոտողների, ինչպես նաև մասնակից երեք համալսարաններում հաջորդ ուսումնական տարվանից ներդնել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համապատասխան կրթական ծրագրեր։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ շուրջ 330 շրջանավարտ, ապահովել միջազգային գիտական հրապարակումներ, խթանել նորարարական մշակումների, արտոնագրերի և նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծումը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Ֆիզիկական արհեստական բանականությունը Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի մասնակիցներն անդրադարձել են ոլորտի զարգացման հեռանկարներին, միջազգային համագործակցությանը և Հայաստանում մրցունակ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու հնարավորություններին։
Ելույթներով են հանդես եկել եվրոպական Agile Robots և ամերիկյան Field AI հայտնի ռոբոտաշինական ընկերությունների ներկայացուցիչները։