Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

նոյեմբեր 26, 2026

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Որոշմամբ հաստատված ցանկում ըստ բուհերի ներկայացված են մասնագիտությունները և դրանց դասիչները, կրթական ծրագրերը, ուսուցման ձևերը, ինչպես նաև յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված մրցութային և ոչ մրցութային ընդունելության քննությունները։

2026-2027 ուսումնական տարվա համեմատությամբ՝ կրթական ծրագրերի և ընդունելության քննությունների փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, 2027-2028 ուսումնական տարվա ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 909-Ն որոշմամբ հաստատված՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների նոր ցանկի համաձայն։

Պահպանվում են նաև կամընտրական քննությունների հնարավորությունը և դիմորդների՝ միասնական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու իրավունքը։

Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2026 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։

Հիշեցնենք, որ 2030-2031 ուսումնական տարվանից բուհական ընդունելությունը կիրականացվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով սահմանված կարգով, որի ընթացակարգի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն բուհերի կողմից 2027 թվականին։ Մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը՝ կկիրառվեն գործող կարգավորումները։