Փոփոխություներ և լրացումներ են նախատեսվում «Լեզվի մասին» ՀՀ օրենքում
նոյեմբեր 26, 2026
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Վերջին տարիներին տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել լեզվական պետական քաղաքականության շրջանակը՝ փոփոխություն կատարելով 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվող փոփոխության նպատակն է ոլորտում իրականացվող նոր ծրագրերի ներդրման իրավական հիմքերի ապահովումը, արդի մարտահրավերներին համահունչ լեզվական պետական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը։
Առանցքային փոփոխություններից է հայերենի իմացության ստուգման և գնահատման համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումը։ Մասնավորապես՝ օրենքում սահմանվում է «հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ» հասկացությունը, ինչպես նաև նախատեսվում են համապատասխան համակարգի ներդրումն ապահովող լիազորող նորմեր։
Նախատեսվող կարգավորումները կնպաստեն հայերենի իմացության մակարդակների գնահատման՝ միջազգային չափանիշներին համահունչ գործիքակազմի ներդրմանը, արևելահայերենի և արևմտահայերենի իմացության գնահատման չափորոշիչների ներպետական և միջազգային ճանաչման մեխանիզմների ձևավորմանը։
Որոշմամբ վերանայվում և ընդլայնվում են նաև Լեզվի կոմիտեի լիազորությունները։ Մասնավորապես, Լեզվի կոմիտեին վերապահվում են՝
- լեզվական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
- հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչների մշակումը,
- լեզվական ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններում և դրանց մարմիններում ՀՀ ներկայացուցիչների գործունեության համակարգումը։
Միաժամանակ, հստակեցվում են հեռուստառադիոհաղորդումների լեզվին ներկայացվող պահանջների ապահովման գործընթացում պետական մարմինների դերերն ու լիազորությունները։ Լեզվի կոմիտեն իր իրավասությունների շրջանակում կարող է աջակցել համապատասխան մարմինների համագործակցությանը, իսկ ոլորտային պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ու մշտադիտարկումը կիրականացվի պետական մարմնի կողմից։