Գյումրու բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ առաջարկվում է ճանաչել հանրության գերակա շահ
նոյեմբեր 27, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շչորսի 4 հասցեում գտնվող «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանող բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։
Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետի աշխատակազմի, Գյումրու համայնքապետարանի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախագծի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները, քննարկվել՝ դրա իրականացմանն առնչվող հարցեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ապահովել մարզադահլիճի գործունեության շարունակականությունը, նպաստել բռնցքամարտի զարգացմանը, մարզական հերթափոխի պատրաստմանը, ինչպես նաև ընդլայնել երեխաների և պատանիների ֆիզիկական զարգացման ու մարզական կրթության հնարավորությունները։
461,75 քմ մակերեսով մարզադահլիճը նախատեսվում է օգտագործել ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի, զանգվածային մարզական ու մարզամշակութային միջոցառումների անցկացման նպատակով։
Հանրային լսումների մասնակիցներն ընդգծել են մարզադպրոցի կարևոր նշանակությունը՝ փաստելով, որ այն տարիներ շարունակ եղել է բռնցքամարտիկների պատրաստման դարբնոց՝ նպաստելով հայկական բռնցքամարտի զարգացմանը։ Ներկաները կարևորել են մարզադահլիճի պայմանների արդիականացումը, դրա նպատակային և արդյունավետ օգտագործումը՝ ընդգծելով ձևավորված մարզական ավանդույթների պահպանման ու շարունակման, ինչպես նաև նոր սերնդի մարզիկների պատրաստման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։