Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

նոյեմբեր 27, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները:

Նիստին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մինչ օրակարգի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավանդաբար ամեն տարի այս ձևաչափով հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով՝ ոլորտի ընթացիկ վիճակը քննարկելու, կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով։

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության քաղաքական հանձնառությունն անսասան է՝ ոլորտում առկա խնդիրները հետևողականորեն լուծելու հարցում։

Հաջորդիվ զեկուցվել
է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառման ապահովմանն ուղղված՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել է ուսումնական հաստատությունների ֆիզիկական մատչելիության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների խելամիտ հարմարեցումների մշտադիտարկման ու արդյունավետության գնահատման գործիքակազմ։ Մշտադիտարկումն իրականացվում է փուլային՝ 2026–2027 թվականներին՝ ընդգրկելով ԿԱՊԿ և/կամ հաշմանդամություն ունեցող սովորողներ ունեցող դպրոցները։ Ժամանակացույցով նախատեսված է ընդհանուր 1050 հաստատություն՝ 2026 թ.՝ 522, 2027 թ.՝ 528։ Տվյալները հավաքագրվել են դիտարկումների, այդ թվում՝ դասապրոցեսի ընթացքում, փաստաթղթերի ուսումնասիրության և հարցազրույցների միջոցով, ապա ենթարկվել քանակական ու որակական վերլուծության։

«Ընդհանուր առմամբ, մեր խնդիրներն առավելապես վերաբերում են ֆիզիկական միջավայրի մատչելիությանը, ինչ վերաբերում է խելամիտ հարմարեցումներին՝ հատկապես բովանդակության և որակի մասով, ապա այստեղ իրավիճակն ավելի բարվոք է։ Տեղեկատվությունը շատ մանրամասն է և մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաստատության մակարդակով ունենալ գործողությունների պլան և գնալ ընդհանուր մատչելիության և խելամիտ հարմարեցումների ամբողջական ապահովման ճանապարհով։ Հաջորդ տարի աշխատանքները կիրականացնենք ևս 500 հաստատությունում ու, կարծում եմ, որ կկարողանանք աշխատանք իրականացնել յուրաքանչյուր հաստատությունում արձանագրված հարցերի շուրջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը կարևոր ձեռքբերումներից առանձնացրել է Երևանի պետական հումանիտար քոլեջում ներդրված նոր կրթական ծրագիրը. «Այն հայերենի ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրն է։ Սա համատեղ աշխատանք է, մենք արդեն ունենք ուսանողներ, որոնք սովորում են այս ուղղությամբ և գալու են համալրելու կադրային այն պահանջարկը, որը կար և որի մասին շարունակաբար բարձրաձայնվում էր»։

Նախարարն անդրադարձել է նաև ներառական կրթությանը և նշել, որ այդ ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքները բավական լավն են. «Խոսքը ռեսուրս սենյակների ծրագրի մասին է, որ երեք դպրոցներում փորձարկել ենք։ Երկու տարվա արդյունքները ցույց են տալիս, որ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակումներ ունեցող երեխաների արդյունավետ ընդգրկումն էապես բարձրանում է, և այժմ կարող ենք Կառավարության քննարկմանը ներկայացնել այս մեթոդով կոնկրետ դպրոցներում աշխատանքի մեխանիզմ»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում, մշակույթում ավելի ակտիվորեն ներգրավելու կարևորությունը և տեղեկացրել, որ այս օրերին Ծաղկաձորում անցկացվում է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը 11 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով աշխատանքների հետևողական իրականացումը և հանձնարարել շարունակել դրանք՝ հաշվի առնելով նաև քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները։