Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Հայաստանը միացել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»

հուլիսի 01, 2026

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին նախագիծը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ասիայի մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանման, կառավարման, հանրահռչակման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով։

Դաշինքի ստեղծումը նախաձեռնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հայաստանը նախաձեռնության հիմնադիր անդամ է՝ Չինաստանի, Կամբոջիայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եմենի հետ միասին։ Դաշինքի կանոնադրությունն ընդունվել և ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 25-ին։ Նույն միջոցառման ընթացքում դաշինքին անդամակցել են ևս 3, իսկ 2024 թվականի հունիսին՝ ևս 2 պետություններ։

«Դաշինքը ստեղծվել է որպես համագործակցության հարթակ, որի նպատակն է աջակցել մշակութային ժառանգության պահպանությանը՝ նպաստելով կարողությունների զարգացմանը, ապահովելով ներդաշնակ կապեր մշակութային ժառանգության, սոցիալական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ու բնապահպանական ոլորտների միջև։ Հարթակը միտված է նաև խթանելու ժողովուրդների միջև կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ կանոնադրությամբ նախատեսվում է նաև աջակցել մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ներառյալ հնագիտական հետազոտությունները, մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ծրագրերը, թանգարանների համագործակցությունը, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելումը և կորած մշակութային արժեքների վերադարձի գործընթացները։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ Ազգային ժողովը 2025 թվականի հունվարի 22-ին արդեն վավերացրել է դաշինքին միանալու մասին օրենքը, սակայն կանոնադրությունում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ նոր վավերացման անհրաժեշտություն է առաջացել։ 2024 թվականի հունիսի 19-ին կառույցը վերափոխվել է միջազգային միջկառավարական կազմակերպության, ինչի հետևանքով անհրաժեշտ է վերահաստատել Հայաստանի անդամակցությունը։

««Համագործակցության մեխանիզմ» ձևակերպումը փոխարինվել է «կազմակերպություն» բառով, ինչը նշանակում է, որ դաշինքն այժմ գործում է որպես միջկառավարական կազմակերպություն՝ ավելի հստակ գործիքակազմով և ինստիտուցիոնալ հնարավորություններով»,- նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային հայտեր է ներկայացրել դաշինքին՝ ստանալով շուրջ 32 մլն դրամի աջակցություն «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում» ծրագրի իրականացման համար։ Այն կիրականացվի հաջորդ տարի՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից։

Նախարարի գնահատմամբ՝ դաշինքն արդեն իսկ ստեղծում է իրական հնարավորություններ միջազգային համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նաև նշել է, որ Սահմանադրական դատարանի 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ հաստատվել է՝ կանոնադրությամբ ստանձնվող պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ինչից հետո նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի վավերացմանը։