Հայաստանը կվավերացնի ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան
հուլիսի 01, 2026
ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշելով, որ կոնվենցիան ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին Փարիզում և ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 2-ին՝ նախարարը նշել է, որ փաստաթղթի ընդունումը պայմանավորված է ստորջրյա մշակութային ժառանգության՝ որպես մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անբաժանելի մասի պաշտպանության և պահպանության անհրաժեշտությամբ։
Նախարարի խոսքով՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների, քաղաքակրթությունների և պատմական գործընթացների ուսումնասիրության համար։ Միաժամանակ, գիտատեխնիկական առաջընթացը մեծացրել է դրա հայտնաբերման և ուսումնասիրման հնարավորությունները, միաժամանակ ավելացել են վնասման, ապօրինի որոնման, յուրացման, առևտրային շահագործման և ոչ մասնագիտական միջամտությունների ռիսկերը։
«Կոնվենցիայի նպատակն է ապահովել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Կոնվենցիայով նախատեսվում է, որ մասնակից պետությունները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության համար՝ կիրառելով լավագույն միջազգային մասնագիտական չափանիշները։ Այդ տեսանկյունից կարևոր են տեղեկատվության փոխանակումը, փորձագիտական աջակցությունը, վերապատրաստումները, գիտահետազոտական ծրագրերը և միջազգային մասնագիտական ցանցերին մասնակցությունը։ Կոնվենցիայի առանցքային սկզբունքներից են ժառանգության պահպանումը սկզբնական միջավայրում, ինչպես նաև առևտրային շահագործման բացառումը՝ այն օգտագործելով բացառապես ըստ գիտական, կրթական, մշակութային ու հանրային շահերի։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կոնվենցիայի վավերացումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ամբողջականությանը, ինչպես նաև միջազգային չափանիշների ներդրմանը։ Ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց պահպանությունն ու ուսումնասիրությունը պահանջում են միջազգային համապատասխան մոտեցումներ։
Կոնվենցիային միանալը հնարավորություն կտա զարգացնել ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության ոլորտը, ձևավորել մասնագիտական կարողություններ, ընդլայնել միջազգային համագործակցությունը և առավել արդյունավետ պաշտպանել Հայաստանի մշակութային ժառանգության այս կարևոր բաղադրիչը։
Կոնվենցիային միանալը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 1972 թվականի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեում Հայաստանի թեկնածության առաջմղման տեսանկյունից։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում այսօր կան օբյեկտներ, որոնք կարող են դիտարկվել որպես ստորջրյա մշակութային ժառանգության նմուշներ, օրինակ՝ Ապարանի և Տոլորսի ջրամբարների տարածքում գտնվող մշակութային հուշարձանները։ Մասնավորապես՝ Տոլորսի ջրամբարում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին տարվա որոշակի շրջանում հայտնվում է ջրի տակ։ Նման հուշարձանների պահպանության, ուսումնասիրման և կառավարման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական կարողություններ և միջազգային փորձ, իսկ կոնվենցիան հենց այդպիսի գործիքակազմ է տրամադրում։
«Նման վայրերը կարող են դառնալ նաև մշակութային զբոսաշրջության զարգացման կարևոր ուղղություններ՝ նպաստելով զբոսաշրջության նոր ձևերի զարգացմանը։ Կարծում եմ՝ կոնվենցիայի վավերացումը բոլոր առումներով կնպաստի, որպեսզի մենք ավելի պատասխանատու և հետևողական վերաբերվենք մեր մշակութային ժառանգության պահպանությանը, այդ թվում՝ կոնվենցիայի վավերացումից հետո կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության միջոցով»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Կոնվենցիայի իմաստով ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության մշակութային, պատմական կամ բնագիտական բնույթի այն բոլոր հետքերը, որոնք առնվազն 100 տարի մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես գտնվել են ջրի տակ։ Դրանք ներառում են հնագիտական հուշարձաններ, բնակավայրերի մնացորդներ, նավեր, նավաբեկություններ, օդանավեր, պատմական առարկաներ և մարդկային գործունեության այլ նյութական վկայություններ։