Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

«Ոսկե ծիրան»․ հայտնի են GAIFF Pro հարթակի այս տարվա մրցանակակիրները

հուլիսի 17, 2026

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության, ֆինանսավորման և կրթական GAIFF Pro Industry հարթակի աշխատանքն ամփոփվել է մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում պարգևատրվել են  Արևմտյան Ասիայի լավագույն կինոնախագծերը։  Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։

Այս տարի հարթակն անցկացվել է չորս ուղղություններով՝ համատեղ արտադրության շուկան (Co-production Market)՝ DOCA Georgia-ի համագործակցությամբ, դերասանական վարպետության բացառիկ դասընթացները (Exclusive Casting Masterclasses)՝ Filmmakers Europe-ի համագործակցությամբ, ԱԲ միջոցով ֆիլմարտադրության սեմինար (AI Filmmaking Workshop)՝ Lumiverse-ի համագործակցությամբ և Magnific-ի գործընկերությամբ, ինչպես նաև DoPing կինոօպերատորական արվեստի աշխատարանները՝ Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի գործընկերությամբ։

GAIFF Pro-ի գործունեությունն ընդլայնվել է՝ ավանդական ռեժիսոր-սցենարիստ-պրոդյուսեր համագործակցություններից բացի՝ ստեղծելով նաև առանձին ծրագրեր դերասանների, կինոօպերատորների և արհեստական բանականությամբ աշխատող կինոգործիչների համար։

Համատեղ արտադրության շուկայում ներկայացվել են  17 լիամետրաժ նախագծեր՝ զարգացման փուլում գտնվող 12 և հետարտադրության փուլում գտնվող 5 ֆիլմ։ Նախագծերը ներկայացված են  ավելի քան 14 երկրից, այդ թվում՝ Հայաստան, Իրան, Վրաստան, Եգիպտոս, Իրաք, Եմեն, Թուրքիա, Կատար և Սաուդյան Արաբիա՝ համատեղ արտադրության գործընկերներով Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։

Լիամետրաժ ֆիլմերի շուկայի միջազգային ժյուրիի կազմում էին Nordisk Film & TV Fond-ի վավերագրական ծրագրերի խորհրդատու Օվե Ռիշոյ Յենսենը, DOK Leipzig-ի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտը և Վենետիկի կինոփառատոնի Orizzonti մրցույթի կրկնակի դափնեկիր, մոնղոլ կինոռեժիսոր Լխագվադուլամ Պուրև-Օչիրը։

Լիամետրաժ նախագծերի գլխավոր՝ 1,5 միլիոն դրամի Գրան պրիին արժանացել է «AMANA (TRUST)» նախագիծը (Իրաք, Եգիպտոս, Միացյալ Թագավորություն, Եմեն, ռեժիսոր՝ Մայթեմ Ռիդհա, պրոդյուսերներ՝ Մայթեմ Ռիդհա և Մոստաֆա Նագի)։

Ժյուրիի հատուկ մրցանակը՝ 1 միլիոն դրամ, շնորհվել է «NEGIN DEAD END» նախագծին (Իրան, ԱՄՆ, ռեժիսոր՝ Մեհրնուշ Ալիա, պրոդյուսեր՝ Մոհամմադ Աղեբաթի)։

Հետարտադրության փուլում հատուկ հիշատակման  է արժանացել «CONCRETE GRASSLAND» նախագիծը (Վրաստան, Ֆրանսիա, ռեժիսոր՝ Շորենա Թևզաձե, պրոդյուսերներ՝ Էլենե Մարգվելաշվիլի և Ադրիանա Ֆեռարեզե), իսկ զարգացման փուլում՝ «TOMATO» նախագիծը (Վրաստան, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գիորգի Պարկոսաձե)։ Երկու նախագծերն էլ, ինչպես նաև մյուս հատուկ հիշատակում ստացած աշխատանքները, կստանան GAIFF Pro-ի անհատական մենթորական աջակցությունը։

Վավերագրական նախագծերի ժյուրիի կազմում էին Cinephage-ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Վիկտոր Էդեն, մրցանակակիր վավերագրող Սալոմե Ջաշին և իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադը։

Լավագույն հայկական վավերագրական նախագծի համար նախատեսված GAIFF Pro-ի 4500 եվրոյի մրցանակին արժանացել է «LIFE ON MARS» ֆիլմը (Հայաստան, ռեժիսոր՝ Մերի Աղախանյան, պրոդյուսեր՝ Կարինե Սիմոնյան)։

Լավագույն վրացական վավերագրական նախագծի համար նախատեսված 4500 եվրոյի մրցանակը ստացել է «SEAWOMEN» ֆիլմը (Վրաստան, ռեժիսոր՝ Սոփո Չխեիձե, պրոդյուսեր՝ Իննա Մարգվելաշվիլի)։

GAIFF Pro Industry-ի շրջանակում անցկացված Short Cuts Nest կարճամետրաժ ֆիլմերի շուկայի չորրորդ թողարկմանը ներկայացվել են հայկական և սփյուռքահայ հեղինակների վեց նախագծեր՝ մրցելով «Kinoket»-ի տեխնիկական սարքավորումների՝ 5 միլիոն դրամ արժողությամբ մրցանակի համար։ Ժյուրին, որի կազմում էին ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և պրոդյուսեր Օլիվիե Բեռլեմոնը, լավագույն կարճամետրաժ նախագծի մրցանակը շնորհել է «HIP-HOP FOR LIFE!» ֆիլմին (Հայաստան, ռեժիսոր՝ Մենուա Հովհաննիսյան, պրոդյուսեր՝ Բաղդասար Աճեմյան)։

Ժյուրիի հատուկ հիշատակումն ու մենթորական մրցանակը ստացել են «WASTELAND» նախագիծը (Հայաստան, ռեժիսոր՝ Արթուր Նազարեթյան, պրոդյուսեր՝ Դիանա Ավետիսյան)։

GAIFF Pro Industry հարթակի մրցանակաբաշխությունն անցկացվել է  Aratashen Winery-ում։