Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

հունիսի 23, 2026

Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությունը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության այցը միտված է Հայաստան–OpenAI կրթական գործընկերության մեկնարկին՝ նպատակ ունենալով խթանել դասավանդողների կարողությունների զարգացումը։

ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում Հայաստանի դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները սեպտեմբերից հասանելիություն կունենան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ ստանալով շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն։ ChatGPT Edu հարթակը կրթական հաստատությունների համար նախատեսված հավելված է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառել առաջադեմ արհեստական բանականության գործիքներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչներն ու ավագ դպրոցի սովորողները։

Աշխատանքային քննարկումների շրջանակում նախատեսվում է պաշտոնապես մեկնարկել «Education for Countries» ծրագրի առաջին տարվա իրականացումը՝ սահմանելով կառավարման մեխանիզմները, հաջողության գնահատման չափորոշիչները և Օփեն ԷյԱյ (OpenAI)-ի աջակցությամբ մշակված ներդրման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանի և կոմիտեի մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ծրագրի կառավարման և իրականացման կառուցվածքը, անդրադարձ է եղել գործընկեր հաստատությունների դերակատարմանը, որոշումների կայացման մեխանիզմներին և համալսարաններում գործիքի ներդրման մեխանիզմին։

Հանրակրթության ոլորտին նվիրված քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառմանը կրթական գործընթացում՝ կարևորելով ուսուցիչների և սովորողների թվային կարողությունների զարգացումը, անհրաժեշտ մեթոդական աջակցության ապահովումը։

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը կարևորել է կրթական համակարգի բոլոր հիմնական խմբերի՝ դպրոցի ղեկավարների, ուսուցիչների և աշակերտների միաժամանակյա ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության կիրառումը պետք է նպաստի կրթության որակի բարձրացմանը և սովորողների ուսումնական արդյունքների բարելավմանը։

Քննարկվել են նաև ուսուցիչների, հետազոտողների և կրթության ոլորտի այլ շահառուների համար կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք ներառում են գործնական վերապատրաստումների, «վերապատրաստողներին վերապատրաստելու» (train-the-trainer), հետազոտական աշխատարանների տեղայնացված մոդելների մշակումներ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դպրոցների տեխնիկական հագեցվածությանը։ Նշվել է, որ վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում դպրոցներում թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով ինտերնետային կապը, ստեղծելով համակարգչային լաբորատորիաներ և ԲՏՃՄ կրթության համար անհրաժեշտ պայմաններ։

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության OpenAI հարթակի պատասխանատու Ալինա Լեոնի խոսքով՝ նախատեսվում է սերտ համագործակցություն պետական և կրթական կառույցների հետ՝ կրթության ոլորտում նորարարական լուծումների ներդրման և տեխնոլոգիական վերափոխումների արդյունավետ իրականացման նպատակով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկն ավարտելու նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով ծրագրի արդյունավետ գործարկումը և կրթական համակարգում արհեստական բանականության գործիքների պատասխանատու, անվտանգ և նպատակային կիրառումը։

OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակում աշխատանքային հանդիպումներ կունենա նաև բուհերի աշխատակազմերի և ուսանողների հետ, այցեր կունենա հանրակրթական ուսումնական հաստատություններ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ):