Բացվել է «Firebird AI»-ի և NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանը
օգոստոսի 08, 2026
Հրազդանի մերձակայքում այսօր տեղի է ունեցել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ։
Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։
Ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։
Հաջորդիվ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ և այլք:
Գործարանը Հայաստանում ստեղծվող առաջադեմ արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մեծածավալ և բարդ հաշվարկային խնդիրների իրականացման համար։