Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ մշակվում է դպրոցների ղեկավարման միասնական ազգային շրջանակ

հունիսի 02, 2026

Հանրակրթության համակարգի բարեփոխումները շարունակվում են․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվում են աշխատանքներ՝ դպրոցների ղեկավարման միասնական ազգային շրջանակի մշակման ուղղությամբ։

Ծրագիրն իրականացվում է բրիտանացի փորձագետ Սյուզան Դագլասի աջակցությամբ, որն իր մասնագիտական փորձն ու խորհրդատվությունն է տրամադրում գործընթացի արդյունավետ կազմակերպման և միջազգային լավագույն փորձի տեղայնացման համար։ Գործընթացին աջակցում և այն համակարգում է Բրիտանական խորհրդի Հայաստանի ղեկավար Ադդէ Հովասափյանը։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել դպրոցների ղեկավարման այնպիսի համակարգ, որը կհամապատասխանի ՀՀ օրենսդրությանը, կնպաստի կրթության որակի բարձրացմանը, կառավարման արդյունավետությանը և համակարգային բարեփոխումների սահուն իրականացմանը։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել են աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները, կրթության պատասխանատուները և շահագրգիռ կողմերը համատեղ քննարկել են չափորոշիչների մշակման, դպրոցների ղեկավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման և հետագա զարգացման ուղղությունները։

Աշխատանքային քննարկումները կարևոր հարթակ են դարձել փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության ամրապնդման և կրթական բարեփոխումների օրակարգի առաջխաղացման համար։