Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Կայացել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը

հունիսի 06, 2026

«Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է». այս կարգախոսով Երևանում այսօր կայացել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո՝ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած տպավորիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Միջազգային ժյուրիի քվեարկությամբ մրցույթում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ ակորդեոնահար Միխավ Ստոխելը։ Նա մրցույթի պատմության մեջ առաջին ակորդեոնահարն է, որն արժանացել է գլխավոր մրցանակին։

Հայաստանը ներկայացրել է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը․ նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հաղթողներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Օպերային թատրոնի նվագախմբերը։

«Դասական Եվրատեսիլին» մասնակցել է 11 երկիր՝ Հայաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա, Շվեդիա։

Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը։

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն են: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև բալետային ֆիլմ-փերֆորմանս, որը յուրովի վերաիմաստավորել է դասական երաժշտության այս կարևոր իրադարձությունը։