Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Մշակույթի տնտեսականացումը պետական քաղաքականություն է․ հանդիպում ժամանակակից նկարիչների հետ

հունիսի 12, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ, որտեղ բացվել է «Դեմ առ դեմ» դիմանկարների ցուցահանդեսը:

Խմբային ցուցահանդեսում ներկայացված են հայ և արտասահմանցի 34 հեղինակների շուրջ 40 գործեր՝ մեկտեղելով հակադիր վիզուալ լեզուներով ստեղծագործող հեղինակների։ Ներկայացված ստեղծագործություններում դեմքը կարող է լինել ճանաչելի կամ պայմանական, մանրակրկիտ պատկերված կամ գրեթե անհետացող, սակայն պատկեր լինելուց զատ` դիմանկարը նաև արվեստագետի և հանդիսատեսի միջև շփման կետ է։ Այստեղ յուրաքանչյուր արվեստագետ ունի իր ինտոնացիան և մարդու մասին «խոսելու» իր ձևը։

Նախարարի տեղակալը ծանոթացել է ցուցադրված աշխատանքներին, զրուցել հեղինակների հետ։

Միջոցառման շրջանակում Դանիել Դանիելյանը ցուցահանդեսի մասնակից նկարիչների հետ դեմ առ դեմ հանդիպման ձևաչափով քննարկել է նաև ոլորտային մի շարք խնդիրներ:

Նա ընդգծել է, որ մշակույթի տնտեսականացումը պետական քաղաքականության առաջնային նպատակներից է, և այս համատեքաստում առանձնակի կարևորություն ունի պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ որպես մշակույթի տնտեսականացման առաջնային խթան:

«Մենք պետք է ունենանք մի իրականություն, որտեղ արվեստագետը զբաղվելու է արվեստով և ստեղծագործ աշխատանքով, ոչ թե դրա վաճառքով: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ մոտեցումներ՝ համապատասխան մասնագետներ, ձևավորված հարթակներ և բարենպաստ իրավական դաշտ»,- ասել է Դանիել Դանիելյանը և տեղեկացրել, որ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» նոր օրենքը միտված է այս գործընթացի լավարակմանը:

Նկարիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ ստեղծարար արդյունաբերության և ոլորտի զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, ըստ այդմ՝ այն հարթակ է, որտեղ ներկայացվում են երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունները, կազմակերպվում են հայ դասական նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ:

«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում բացված «Դեմ առ դեմ» խմբային ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 30-ը։