Փոփոխություններ և լրացումներ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում
հունիսի 16, 2026
Աժ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթը, որը բխում է նախորդող շրջանում իրականացված փոփոխությունների կիրարկման ժամանակ ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությունից: Նախարարը, մասնավորապես, հիշեցրել է, որ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում մինչ այս կատարված մեծ ծավալի փոփոխությունները նպատակ ունեին մշակույթի ոլորտում ներդնել տնտեսականացման նոր հնարավորություններ, կարգավորել կազմակերպությունների գործունեությունը՝ ձևավորելով նոր խթաններ:
«Օրենքի ընդունումից հետո երբ արդեն աշխատում էինք ենթաօրենսդրական ակտերի մշակման, իսկ որոշ դեպքերում էլ գործընթացների իրականացման ուղղությամբ, պարզ դարձավ, որ անհրաժեշտ լավարկումների կարիք կա։ Դրանք վերաբերում են լիազորող նորմերի վերաձևակերպումներին՝ նպատակ ունենալով ենթաօրենսդրական դաշտը դարձնել ավելի պարզ և տրամաբանական կառուցվածքով: Այս փոփոխությամբ կարգավորվում են նաև ատեստավորման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով մշակութային ոլորտի առանձնահատկությունները և ատեստավորման արդյունքում վարձրատրության բարձրացման մեխանիզմների իրական գործարկման հնարավորությունները: Անհրաժեշտ լավարկումներ են արվում նաև հասկացությունների մակարդակում, որը թույլ է տալիս կարգավորել «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունները: Կարևոր է նաև, որ առաջարկվող փոփոխությունների փաթեթով կարգավորվում են ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ լիազորող նորմերի տրամաբանությամբ պլանավորվում է թե՛ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակը, թե՛ ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրումը, և թե՛ նաև պետական բյուջեի շրջանակում մշակութային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը: Այս իմաստով օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա ավելի թափանցիկ և հաշվետվողական դաշտում իրականացնել հետագա գործունեությունը»,- նշել է նախարարը։
Նա հավելել է նաև, որ նախատեսված փոփոխությունները նպատակ ունեն օրենսդրական դաշտում ապահովել միասնական մոտեցում։
ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։