Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների գրանցում և փաստաթղթերի հայտագրում. ՀՀ բուհեր
հունիսի 12, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը, սկսում է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը հետևյալ ժամկետներում.
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) օտաերկրյա քաղաքացիների՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար fs.emis.am համակարգում փաստաթղթերի հայտագրման ժամկետ՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով՝ այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար fs.emis.am համակարգում փաստաթղթերի հայտագրման ժամկետ՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով՝ այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ
- Վճարովի դոկտորական կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ
fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:
Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն ներկայացված են դիմորդի ուղեցույցում:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճենը,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- միասնական քննությունների վկայագիր,
- 3x4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
- դոկտորական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԿԳՄՍ նախարարություն.
- Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-699, ներքին 647, +374 10-599-699 ներքին 646)
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)