Համաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ ՀՀ տարածքում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը։ Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Ազգային փոքրամասնություններ
«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» իմաստով ՀՀ փոքրամասնությունների լեզուներ են ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները հիմնականում բնակվում են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում:
Օրենսդրություն
Ազգային փոքրամասնությունների կրթական, լեզվական, մշակութային իրավունքները Հայաստանում գտնվում են պետության պաշտպանության ներքո և ունեն հատուկ ճանաչում, ինչն ամրագրված է ՀՀ բարձրագույն օրենքում՝ Սահմանադրությունում և այլ օրենսդրական ակտերում: Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանվում է ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը, ըստ որի՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք։
Խտրականության բացառման ու իրավահավասարության նորմեր սահմանված են նաև ՀՀ այլ օրենքներով և իրավական կարգավորումներով։
ՀՀ-ում կրթության բնագավառում պետական քաղաքականությունը տարվում է իրավունքի ու ներառականության սկզբունքների պահպանմամբ: Մասնավորապես՝ «Կրթության մասին» օրենքով ամրագրված է, որ ՀՀ-ն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից:
Ըստ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (օրինական ներկայացուցիչը):
Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետի՝ ՀՀ պետական ուսումնական հաստատություններում կրթությունը (հանրակրթության բոլոր մակարդակներում) պարտադիր է և անվճար ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Նույն օրենքի համաձայն` ՀՀ ազգային փոքրամաuնությունների կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ: Այս կետով երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների իրավունքը` պահպանել և զարգացնել իրենց լեզուն:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես՝ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «ՀՀ-ն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը»: Նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված է, որ յուրաքանչյուրն ունի ՀՀ-ում մշակութային կյանքին մասնակցության և մշակութային գործունեության իրականացման իրավունք՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: 2025թ. հունվարի 22-ին «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են իրականացվել, որով ամրագրվել է այն փաստը, որ ՀՀ մշակութային հարստություն է համարվում մշակութային արժեքների այն ամբողջությունը (ներառյալ՝ մշակութային ժառանգության օբյեկտները և ոչ նյութական մշակութային ժառանգությունը), որը հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների և այլ էթնոմշակութային խմբերի համար ունի ազգային նշանակություն:
Կրթության ոլորտ
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրում կառուցվել և 2025 թվականին շահագործման է հանձնվել 144 սանի համար նախատեսված մսուր մանկապարտեզ, որտեղ հաճախելու հնարավորություն կունենան նաև համայնքի այլ բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաները։ 2025-2026 ուսումնական տարում պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված են ազգային փոքրամասնությունների շուրջ 600 երեխաներ:
ՀՀ-ում հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը տարվում է իրավունքի ու ներառականության սկզբունքների պահպանմամբ: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված քաղաքականությունների և գործողությունների շրջանակում է ազգային փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիության ապահովումը՝ ուսուցիչների պատրաստման, նրանց շարունակական վերապատրաստման և որակավորման բարձրացման, ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցիչների խրախուսման տարբեր եղանակների ներդրման, ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության վայրերում նախադպրոցական կրթության շարունակական ընդլայնման և այլ միջոցներով:
ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում են իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: ՀՀ պաշտպանության տակ առնված լեզուները կրող ազգային փոքրամասնությունների համայնքներին տարրական կրթությունը հասանելի և մատչելի է էթնիկ լեզուներով: Ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցումն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում մայրենիի ուսուցման իրականացման համար դասաժամեր տրամադրվում են դպրոցական բաղադրիչից, և բնագավառին հատկացված դպրոցական բաղադրիչի ժամերի հաշվին հաստատությունն ուսումնական պլանի ձևավորման գործընթացում ինքն է որոշում՝ որքան ժամ հատկացնել տվյալ առարկային: Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը կարող է իրականացվել նաև խմբակի ձևաչափով՝ անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերի տրամադրմամբ:
2026 թ. հունիս ամսվա դրությամբ ՀՀ 556 դպրոցներում սովորում են ազգային փոքրամասնությունների 4679 սովորողներ (2061 աղջիկ, 2618 տղա)․
- ռուս՝ 1326 (245 դպրոցում)
- ասորի՝ 269 (40 դպրոցում)
- եզդի՝ 2885 (338 դպրոցում)
- հույն՝ 43 (35 դպրոցում)
- քուրդ՝ 81 (24 դպրոցում)
- ուկրաինացի՝ 67 (36 դպրոցում)
- գերմանացի՝ 8 (6 դպրոցում)
Դպրոցների ցանկ, որոնցում ազգային փոքրամասնությունների աշակերտների համար դասավանդվում են «Ասորերեն», «Եզդիերեն» և «Քրդերեն» առարկաները
2021 թ. փետրվարի 11-ին հաստատվել է «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը՝ երեխաների, այդ թվում՝ աղջիկ երեխաների՝ կրթությունից դուրս մնալու հավանականությունը բացառելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների ծնողների կողմից դիտվում է երեխաներին, այդ թվում՝ աղջիկ երեխաներին արտերկիր մեկնելու պատրվակով ուսումնական հաստատություններից հանելու թվի աճ՝ ազգային փոքրամասնությունների երեխաների կրթությունից դուրս մնալու հավանականությունը բացառելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է իրականացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-ն հրամանում. «Կետ գ) 2-րդ կուրսի երկրորդ կիսամյակից՝ 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու, կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման, կամ այլ հիմնավոր պատճառների դեպքում: Նշված դեպքերում տեղափոխությունն իրականացվում է Նախարարություն հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու» կարգի 5-րդ կետը սահմանում է. «Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից»:
ՀՀ մարզերի դպրոցներում ուսուցանվում են «Եզդիերեն», «Քրդերեն» և «Ասորերեն» առարկաները՝ ազգային փոքրամասնությունների աշակերտների համար:
Բացի այդ՝ խառը բնակության բնակավայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը փոքր է, նախատեսված է նաև լեզվի ֆակուլտատիվ ուսուցման հնարավորություն: 12-ամյա միջնակարգ կրթության պարտադիր լինելու պահանջը տարածվում է նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա:
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ 9-րդ դասարանում ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները ավարտական քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր), 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները պետական ավարտական քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է ազգային փոքրամասնությունների տարրական, միջին և ավագ դպրոցների դասարանների համար նախատեսված դասագրքերի հրատարակումը: Դասագրքերի և առարկայական ծրագրերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» ենթակայքում (http://lib.armedu.am):
2024 թվականին ազգային փոքրամասնությունների աշակերտների համար տպագրվել է 144 դասագիրք՝ «Եզդիերեն այբուբեն»՝ 113 և «Քրդերեն այբուբեն»՝ 31 հատ: 2025-2026 ուստարվա համար հրատարակվել է «Եզդիերեն այբբենարան», «Քրդերեն այբբբենարան» և «Ասորերեն» առարկայի 3 անուն (1-ին դասարան. «Խոսիր ասորերեն»՝ 80 օրինակ, 2-րդ դասարան. «Գրիր և խոսիր ասորերեն»՝ 115 օրինակ, 3-4-րդ դասարաններ. «Ալյափ բիթ» այբբենարան 145 օրինակ) դասագիրք: Դասագրքերի տպաքանակը ձևավորվել է ԿՏԱԿ-ի ԴԿՏ համակարգում հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մուտքագրված հայտերի հիման վրա:
Պետության օժանդակությունն ազգային փոքրամասնությունների կրթության մատչելիության արտահայտվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող ուսուցչական կազմի կարողությունները հզորացնելու միջոցով:
- Հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների սակավաթիվ լինելը, ինչպես նաև դասաժամերի քանակը՝ ԿԳՄՍ նախարարությունը ներդրել է նոր մեխանիզմներ՝ կամավոր ատեստավորման գործընթացն իրականացնելու նաև 5-12-րդ դասարաններում «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաները դասավանդող ուսուցիչների համար՝ որպես նպատակ ունենալով ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը:
- Հաշվի առնելով, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մանկավարժները մեծամասամբ չունեն բարձրագույն կրթություն, ուստի վերապատրաստման հնարավորություն է ստեղծվել նաև նրանց համար: Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչներին վերապատրաստումն իրականացնում են վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով որևէ սահմանափակում չկա հերթական ատեստավորման ենթակա՝ ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների համար: 2024 թվականին ազգային փոքրամասնության լեզուներ դասավանդող ուսուցիչներից վերապատրաստվել է 3-ը:
- 2024 թվականին 11 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար, որոնցից մասնակցել է 7-ը։ 6 ուսուցիչ հաղթահարել է անցողիկ շեմը ու ստանում է համապատասխան տոկոսով հավելավճար: 2025 թվականին ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող 11 ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, նրանցից 7-ը հաղթահարել է անցողիկ շեմը /60-100 տոկոս/:
- 2024 թվականին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվել է «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով 499 վերապատրաստման դասընթաց՝ ուսումնական հաստատությունների 10.455 մանկավարժների, ծնողների և համայնքային սոցիալական աշխատողների շրջանում։ Դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վաղ ամուսնությունների և դրանց բացասական հետևանքների վերաբերյալ թեմաներին։ Վերապատրաստման դասընթացները կրում են շարունակական բնույթ։
- Հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի, ինչպես նաև մանկավարժական այլ աշխատողների պաշտոնների նկարագրերում սահմանված են գործառույթներ՝ ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման, հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը նպաստելու վերաբերյալ:
- Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչներն առանձին հավելավճար չեն ստանում. աշխատավարձը ստանում են ընդհանուր հիմունքներով: Միաժամանակ 2021 թվականից գործում է ԿԳՄՍ նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ, որով ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ. *մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսեր, *գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսեր՝ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ, *տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ *բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, *կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ, *աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով: Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
- Համաձայն ՀՀ կառավարության «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» 2023 թ. 216-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզուների խմբակավարի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող և տվյալ լեզվին տիրապետող անձը, այդ թվում՝ կանայք, մինչդեռ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում էր բարձրագույն կրթություն:
- Պետության կողմից մշակվել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին բարձրագույն կրթություն ստանալու օժանդակության ծրագիր: Ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է դիմել բուհ և պետության հաշվին բարձրագույն կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերում:
Կրթության հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնած լայնամասշտաբ ծրագրի՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնությունների բնակավայրերը սպասարկող հաստատությունները: 2025 թվականի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են շուրջ 100 դպրոցներում, որից շուրջ 20-ում սովորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ազգային փոքրամասնությունների առավել խիտ բնակեցված համայնքներում հիմնական դպրոցների բացակայության դեպքում կրթության մատչելիության ապահովման նպատակով նախատեսվում է համայնքից դպրոցահասակ սովորողների կազմակերպված տեղափոխում դեպի հանրակրթական ուսումնական հաստատություններ:
ՀՀ կառավարության նախաձեռնած լայնամասշտաբ ծրագրի՝ 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնությունների բնակավայրեր:
ԿԳՄՍ նախարարությունը յուրաքանչյուր տարի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմակերպում է դպրոցականների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ամառային ճամբարներում հանգիստ: Երեխաների հավաքագրումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
2025 թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում կազմակերպվող ամառային ճամբարներին մասնակցել է ՀՀ տարբեր համայնքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ շուրջ 100 դպրոցական:
- Բարձրագույն կրթական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկվածության ցուցանիշը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ցանկով նախատեսված է բակալավրի կրթական աստիճանով յուրաքանչյուր տարի մինչև 7 անվճար հիմունքներով սովորելու նպատակային տեղ հատկացնել՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդների ընդունելության համար:
- Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ 4 լրացուցիչ տեղ է հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ այն դիմորդներին, որոնք հաղթահարում են տվյալ տարվա քննությունների ընդհանուր առավելագույն միավորի 75%-ը։
- 2025-2026 ուսումնական տարում բուհերում նպատակային ընդունելության շրջանակում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հատկացվել է ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ 11 տեղ, իսկ վճարովի համակարգ է ընդունվել 23 ուսանող։
- Ներկայում ՀՀ բուհերում սովորում է ազգային փոքրամասնությունների 143 ուսանող, որոնցից՝ 21 ասորի, 46 եզդի, 2 ուկրաինացի, 68 ռուս, 3 վրացի և 3 քուրդ։
Մշակույթի ոլորտ
- Հայաստանում մշակութային բազմազանություն ստեղծող և արտադրող ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացումը և տարածումը, մշակութային ժառանգության պահպանումը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դրանք հանդիսանում են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության գերակա ուղղություններից մեկը, որի շրջանակում ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, կրոնի, ավանդույթների պահպանման և տարածման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվում Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող պարբերականների, նրանց ազգային տոների, ավանդույթների, ժողովրդական երաժշտության հանրահռչակմանն ուղղված փառատոների անցկացման համար:
- Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվում նաև էթնիկ համայնքների հասարակական կազմակերպություններին` նրանց կողմից հրատարակվող պարբերական մամուլի տպագրման գործընթացը խրախուսելու համար:
- «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 11 մամուլի հրատարակմանը: Աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների պարբերականների թվային հարթակ (պորտալ) ստեղծելու ուղղությամբ:
- Կառավարության վարած մշակութային քաղաքականության ուղղություններից է նաև ՀՀ տոնացույցում ամրագրված «Ազգային փոքրամասնությունների օրվա», «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ տարատեսակ միջոցառումների իրականացումը, որոնք հավելյալ գործիքներ են ազգային փոքրամասնությունների լեզուների և մշակույթների պահպանման, հանրահռչակման և ինքնարտահայտման համար: Այս առումով, ավանդույթ է դարձել «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնի կազմակերպումը, որի նպատակն է ընդգծել ազգային փոքրամասնությունների մշակութային ներդրումը և Հայաստանի բազմազան մշակութային դիմագիծը։ Կազմակերպվել են «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթը և բազմամշակութային տոնավաճառը:
- ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման և զարգացման տեսանկյունից հիշատակման արժանի է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Էթնոգույներ» հաղորդումը։ Վերջինս ներկայացնում է Հայաստանում ազգային փոքրամասնություն հանդիսացող ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային սովորույթները, կրոնը, լեզուն, խոհանոցը, միջազգային բարիդրացիական կապերը և այլն՝ ըստ այդմ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, միջմշակութային երկխոսության և փոխըմբռնման զարգացմանը, կարծրատիպերի հաղթահարմանը և այլն։
- Շարունակական աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի գրանցման և ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերում ներառման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը պետական պաշտպանության ներքո է վերցրել ՀՀ տարածքի բոլոր պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական կառույցները` անկախ դրանց էթնիկ կամ ազգային, կրոնական պատկանելությունից: ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության մեջ ևս հատուկ շեշտադրված է ազգային փոքրամասնությունների հուշարձանների պահպանման կարևորությունը՝ որպես երկրի մշակութային ժառանգության մի մաս։
- Ներկայում հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25 հազար պատմության և մշակույթի հուշարձաններ, այդ թվում՝ 46 ռուսական, 1 եզդիական, 7 ասորական, 16 հունական, 17 իսլամական կրոնական և հասարակական շինություններ, որոնք հավասարապես պահպանվում են պետության կողմից։
- Պետության ֆինանսավորմամբ, ինչպես նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվել և շարունակվում են իրականացվել պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձանների ուսումնասիրման (պեղման), ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ տարբեր ազգություններին պատկանող հուշարձանների վերականգնման աշխատանքներ, օրինակ՝ Երևանի պարսկական Կապույտ մզկիթը՝ իրանցի գործընկերների հետ համագործակցությամբ, Թուրքմենական դամբարանը՝ Թուրքմենստանի գործընկերների հետ համագործակցությամբ, Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին, Կավարտ գյուղի հունական եկեղեցին, Դվին ասորական համայնքի Մար Թումա եկեղեցին և այլն: