Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

ՀՀ 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի և գնահատող փորձագետների ընտրության մրցույթ

հոկտեմբեր 23, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ։

Մրցույթի նպատակն է խթանել համայնքներում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը, երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և երիտասարդների համար բարենպաստ, անվտանգ, ներառական ու զարգացնող միջավայրի ձևավորումը։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն համայնքները, որոնց կազմում ընդգրկված է առնվազն մեկ քաղաքային բնակավայր՝ բացառությամբ Երևան քաղաքի և 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի։

Մրցութային հայտերն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ։ Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով դիմող համայնքի անվանումը և «2028 թվականի երիտասարդական մայրաքաղաք/համայնք» բառերը։

Մրցույթին մասնակցելու համար համայնքապետարանը պետք է հայտ ներկայացնի համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն իրականացնող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ներկայացվող ծրագրերում անհրաժեշտ է ապահովել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներգրավվածությունը, միջոցառումների հնարավոր տարածքային բաշխվածությունը և դրանց իրականացումը տարվա տարբեր եռամսյակներում։

Մրցույթն անցկացվելու է չորս փուլով՝ հայտերի ընդունում և տեխնիկական գնահատում, փորձագիտական բովանդակային գնահատում, ՀՀ բնակչության շրջանում էլեկտրոնային քվեարկություն և արդյունքների ամփոփում։

Հաղթող համայնքը որոշվելու է համայնքի կարողությունների, ներկայացված ծրագրի փորձագիտական գնահատման և հանրային էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։ Առավելագույն գնահատական ստացած մասնակիցը կճանաչվի Հայաստանի Հանրապետության 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաք։

Մրցույթին մասնակցել ցանկացող համայնքներին աջակցելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կանցկացվի խորհրդատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն հայտերի պատրաստման և ներկայացման պահանջները։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 28-ը youth@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակիցների անունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հոկտեմբերի 8-ի N 2124-Ա/2 հրամանի համաձայն։ Նախաձեռնությունը միտված է համայնքներում երիտասարդական ենթակառուցվածքների, երիտասարդական կենտրոնների և ծառայությունների զարգացմանը, երիտասարդական նորարարական նախաձեռնությունների խրախուսմանը, ինչպես նաև համայնքների, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական ոլորտի այլ դերակատարների միջև համագործակցության ամրապնդմանը։

Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «2028 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման գործընթացի մեկնարկը։

Փորձագիտական խմբի անդամները գնահատելու են մրցույթին մասնակցող համայնքների կարողությունները և ներկայացված ծրագրերը՝ սահմանված գնահատման չափանիշներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում փորձագետները կարող են նաև այցեր իրականացնել հայտ ներկայացրած համայնքներ։ Փորձագիտական խմբում կարող են ընդգրկվել երիտասարդական քաղաքականության կամ երիտասարդական աշխատանքի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող անձինք, որոնք տիրապետում են նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հանրային քաղաքականության կամ ծրագրերի կառավարման ոլորտներին առնչվող գիտելիքների։

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, ինքնակենսագրական (CV) և առնվազն մեկ երաշխավորական նամակ՝ երիտասարդության կամ համայնքային զարգացման ոլորտում գործող կազմակերպությունից։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 13-ը ներառյալ՝ yana.babayan@escs.am էլեկտրոնային հասցեով։ Նամակի թեմայում անհրաժեշտ է նշել «2028 թվականի երիտասարդական մայրաքաղաք/փորձագիտական խումբ»։

Փորձագիտական խմբում չեն կարող ընդգրկվել այն անձինք, որոնք ներկայացնում են մրցույթին հայտ ներկայացրած համայնքները կամ որոնց մասնագիտական գործունեությունն անմիջականորեն կապված է այդ համայնքների հետ։

Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել՝ 010 599 699, ներքին՝ 642, 643 կամ 543։