Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է Վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

սեպտեմբեր 28, 2026

Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է Վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։

Փառատոնի մեկնարկից առաջ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում  կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասնակիցներ, մտավորականներ, արվեստագետներ և  հյուրեր։

Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Վարդապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Այնուհետև տրվել է փառատոն-գիտաժողովի բացման մեկնարկը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է «Կոմիտաս» ամենամյա միջազգային փառատոնի կարևորությունը՝ Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու և նրա անձն ու գործը միջազգային ասպարեզում ներկայացնելու համատեքստում։

«Մեր հիմնական առաքելությունն է պահպանել և սերունդներին փոխանցել Կոմիտասի ողջ ժառանգությունը: ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, մշտապես աջակցելու է նմանօրինակ ձեռնարկների իրականացմանը՝ քաղաքականության առանցքում ունենալով Կոմիտասի ժառանգության տարածմանն ու հանրահռչակմանը միտված ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդգրկված է Հայաստան այցելող բարձրաստիճան պատվիրակությունների օրակարգում: 

Փառատոնի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանի և  արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։ Ցուցադրությանը Հայաստանից ներկայցված են Գագո Չթչյանը, Մեքսիկայից՝ Հերմինե Դեմիրոն և Ֆրանսիայից՝ Արման Թադևոսյանը։

Փառատոնային ծրագրում համադրված են Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերը՝ երաժշտական ստեղծագործությունը, գիտական և գրական ժառանգությունը, կերպարվեստը, թատերական ընթերցումները, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեությանն առնչվող նյութերի պահպանումն ու հանրայնացումը։

Առանձնահատուկ կարևորվում է կոմիտասյան նյութերի նվիրատվությունը թանգարանի ֆոնդին. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը թանգարանի հավաքածուին նվիրաբերել է Կոմիտասին առնչվող նյութեր։

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, իսկ գրքի շնորհանդեսին կհաջորդի դաշնամուրային երաժշտության համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ։ 

Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: